Հայաստանը ցուցադրաբար չի վճարում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանն (ՀԱՊԿ) անդամավճարները և, միևնույն ժամանակ, շարունակում է օգտվել Ռուսաստանի տնտեսական կապերից, հայտարարել է ռուս պատգամավոր և Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը:
Նշենք, որ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հունիսի 5-ին ԱԺ-ում՝ բյուջե-2024-ի կատարողականի նախնական քննարկումներին, հայտնել էր, որ ՀԱՊԿ-ում ՀՀ-ի մասնակցության սառեցմամբ պայմանավորված՝ 2024-ին ՀՀ-ն անդամավճար չի վճարել։
«Անդամավճարները չվճարելը ՀԱՊԿ-ում Հայաստանի իրական մասնակցությունը քննարկելու ամենագլխավոր առիթը չէ։ Հարցն այն է, որ նրանք ընդհանրապես դադարեցրել են ցանկացած համագործակցություն ՀԱՊԿ շրջանակներում, բայց շարունակում են մնալ Եվրասիական միությունում։ Փորձում են իրենց բնակչությանն ապացուցել, որ կարելի է դուրս գալ Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունից, վերակողմնորոշվել դեպի Արևմուտք և, միևնույն ժամանակ, օգուտներ ստանալ Ռուսաստանի և ՀԱՊԿ այլ երկրների հետ տնտեսական կապերից»,- նշել է Զատուլինը։
Նրա կարծիքով՝ Հայաստանի ճակատագիրը կորոշվի հաջորդ տարվա ընտրություններում։
«Մեծ հույս ունեմ, որ վերջապես Հայաստանում հարցեր կտան կառավարությանը, որն ամեն ինչ տանուլ է տվել, հանձնել ու դավաճանել է»,- ասել է պատգամավորը։
Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ անդամ, սակայն արդեն գրեթե երկու տարի է, ինչ չի վճարում կազմակերպության անդամավճարները, սառեցրել է իր մասնակցությունը դաշինքին։ ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը մարտին հայտարարել էր, որ եթե Հայաստանը մինչև 2025 թվականի ավարտը շարունակի նույն քաղաքականությունը, կազմակերպության անդամ երկրները «կարող են տարբեր սցենարներ դիտարկել»։