ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը հայտարարել է 3,4 միլիոն դոլար արժողությամբ գերժամանակակից ուսումնական վարժասարքի գործարկման մասին, որը կնպաստի Հայկական ԱԷԿ-ի անվտանգ շահագործման ապահովմանը, ասված է դիվանագիտական առաքելության հայտարարության մեջ։
«ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի և ՀԱԷԿ-ի համագործակցության արդյունքում նորագույն ամերիկյան տեխնոլոգիաների ականատեսն ենք դառնում, ինչը միջուկային էներգիայի ոլորտում Հայաստանի հետ Միացյալ Նահանգների ավելի քան 25 տարվա համագործակցության հերթական ձեռքբերումներից է»,- նշել է դեսպան Քրիստինա Քվինը։
Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը հայտարարել էր, որ ռուսական կողմը պատրաստ է Հայաստանին առաջարկել ատոմային էներգաբլոկների լայն տեսականի՝ սկսած փոքր հզորության մոդուլային բլոկներից մինչև խոշոր ռեակտորներ։
2023 թվականի մայիսին Ազգային ժողովում ելույթ ունենալով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել էր, որ Հայաստանը միաժամանակ ակտիվ բանակցություններ է վարում մի քանի գործընկերների հետ, այդ թվում՝ ԱՄՆ-ի և Ռուսաստանի, երկրի նոր ատոմային էլեկտրակայանի կառուցման շուրջ։
Հայաստանում գործում է մեկ ԱԷԿ, որը գտնվում է Մեծամորի մոտակայքում։ Այն ունի երկու էներգաբլոկ, որոնք կառուցված են սեյսմակայուն ВВЭР-440 տիպի ռեակտորների հիման վրա։ Հայկական ԱԷԿ-ի առաջին էներգաբլոկը շահագործման էր հանձնվել 1976 թվականի դեկտեմբերին, երկրորդը՝ 1980 թվականի հունվարին։ ԱԷԿ-ը դադարեցրել էր իր աշխատանքը 1989 թվականի մարտին՝ Սպիտակի երկրաշարժից հետո։ Երկրորդ էներգաբլոկը վերագործարկվել էր 1995 թվականի նոյեմբերին՝ հանրապետությունում էներգետիկ ճգնաժամի պայմաններում։ 2021 թվականին «Ռոսատոմի» աջակցությամբ ավարտվել էր դրա արդիականացումը։