Մայր Աթոռում հրավիրվել է եպիսկոպոսաց ժողով, որի ընթացքում քննարկվելու են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ վերջին օրերին արած հայտարարությունները Հայ Առաքելական եկեղեցու և եկեղեցականների մասին։
Մայիսի 29-ին Փաշինյանը հայտարարել էր, թե «հայկական եկեղեցիները չուլանոց, աղբավայր են դարձրել»։ Հաջորդ իսկ օրը՝ մայիսի 30-ի առավոտյան, վարչապետը մի շարք գրառումներով անդրադարձել էր հոգևորականների՝ իրեն ուղղված քննադատություններին, որոնք հնչել էին նրա հայտարարություններին ի պատասխան։ Փաշինյանը ՀՀ իշխանություններին կոչ էր արել մասնակցել կաթողիկոսի ընտրություններին՝ պնդելով, որ Հայրապետության թեկնածուները պետք է բարեվարքության ստուգում անցնեն։
Վարչապետի կինը՝ Աննա Հակոբյանը, հոգևորականներին մեղադրել էր այլասերվածության մեջ՝ նշելով, որ նրանք, իբր, «չուլաններում կատարում են այլասերվածություններ և հավատավոր ժողովրդի ցասմանն անգամ չեն արժանանում»։ «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ, արքեպիսկոպոս Բագրատ Գալստանյանը Մայր Աթոռին կոչ էր արել դատական գործընթաց սկսել Փաշինյանի և նրա կնոջ կողմից հոգևորականների դեմ վիրավորական հրապարակումների կապակցությամբ։
Մայիսի 31-ին Մայր Աթոռը տեղեկացրել էր, որ կաթողիկոսը Շվեյցարիայում մասնակցում է «Կրոնական ազատություն․ հայկական հոգևոր, մշակութային և պատմական ժառանգության պահպանումն Արցախում» խորագրով միջազգային համաժողովին, որտեղ հանդես էր եկել ելույթով։
Փաշինյանն այսօր՝ հունիսի 2-ին, հայտարարել էր՝ եթե պարզվի, որ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն խախտել է կուսակրոնության ուխտը և զավակ ունի, նա չի կարող զբաղեցնել այդ պաշտոնը և կրել Վեհափառի կոչումը, որովհետև խնդրո առարկա փաստի առկայության պահից նա չէր կարող լինել կուսակրոն քահանա։