Եթե պարզվի, որ Գարեգին Բ-ն խախտել է կուսակրոնության ուխտը և զավակ ունի, նա չի կարող լինել Ամենայն Հայոց կաթողիկոս, որովհետև խնդրո առարկա փաստի առկայության պահից նա չէր կարող լինել կուսակրոն քահանա, հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Սա արձանագրում եմ ամենայն հարգանքով բոլորի անձնական և ընտանեկան կյանքի գաղտնիության իրավունքի նկատմամբ, բայց Ամենայն Հայոց կաթողիկոսը չի կարող ունենալ այսպիսի անձնական կյանք»,- նշել է Փաշինյանը։
Վարչապետի խոսքով՝ խնդիրը բարձրացնում է որպես Հայ առաքելական եկեղեցու հետևորդ և, որովհետև, հոգևոր անվտանգության խնդիր է տեսնում, իսկ որպես ՀՀ վարչապետ՝ տեսնում է պետական անվտանգության խնդիր։
«Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը պիտի դիրքավորվի այս իրավիճակի նկատմամբ, ինչից հետո կիրականացվի հարցի հետագա պարզաբանում»,- հավելել է Փաշինյանը։
Մայիսի 29-ին Փաշինյանը հայտարարել էր, թե «հայկական եկեղեցիները չուլանոց, աղբավայր են դարձրել»։ Քննադատություններից հետո մայիսի 30-ին գրառումների շարք էր հրապարակել Հայ Առաքելական եկեղեցու ներկայացուցիչների դեմ, իսկ ավելի ուշ նշել, որ պետությունը պետք է մասնակից լինի կաթողիկոսի ընտրություններին:
Այս գրառումներից հետո հոգևորականներն արձագանքել ու քննադատել էին վարչապետին: «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ, արքեպիսկոպոս Բագրատ Գալստանյանը Մայր Աթոռին կոչ էր արել դատական գործընթաց սկսել Փաշինյանի և նրա կնոջ կողմից հոգևորականների դեմ վիրավորական հրապարակումների կապակցությամբ։