Սյունիքի կայունության բարձրացումը Հայաստանի կառավարության համար առաջնահերթություն է, իր ելույթում հայտարարել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը՝ Գորիսում ընթացող Հայաստան-Ֆրանսիա ապակենտրոնացված համագործակցության 5-րդ համաժողովում։
«Կանոնավոր և բարձրաստիճան երկխոսության շնորհիվ Հայաստանի և Ֆրանսիայի միջև ընդգրկուն օրակարգ ձևավորվել է քաղաքական, տնտեսական, կրթամշակութային, առողջապահական, ֆրանկոֆոնիայի և այլ բնագավառներում»,- ասել է Խուդաթյանը։
Ըստ նրա՝ ՀՀ կառավարության առաջնահերթություններից է ինչպես անվտանգության, այնպես էլ տնտեսական, կրթական, առղջապահական և այլ պայմանների զարգացումն ու ամրապնդումը։ Նա ընդգծել է Ֆրանսիայի առանցքային դերն այս հարցերում։
Խուդաթյանն ընդգծել է, որ այս համաժողովի անցկացումը Սյունիքի մարզում ռազմավարական նշանակություն ունի։
Իր հերթին՝ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը հայտարարել է Սյունիքում ռազմավարական նշանակություն ունեցող ենթակառուցվածքային նախագծի իրականացմանը ֆրանսիական ընկերություններին ներգրավելու Երևանի մտադրության մասին։
«Հուսով ենք՝ ի կատարումն մեր երկու կառավարությունների միջև ձեռք բերված պայմանավորվածության՝ մոտ ապագայում Սյունիքում կտեսնենք ֆրանսիական ընկերությունների ներգրավումը ռազմավարական նշանակության ենթակառուցվածքների նախագծի իրականացման գործում»,- հայտարարել է նա։
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը համաժողովում հայտնել է, որ արզում իրականացվում են 1 միլիարդ դոլարի ենթակառուցվածքային նախագծեր։ Նրա խոսքով՝ սա կնպաստի Հայաստանի և Ֆրանսիայի միջև ապակենտրոնացված համագործակցության շրջանակներում գաղափարների և ծրագրերի իրականացմանը։
«Այս պահին Սյունիքում կառուցվում են այնքան դպրոցներ, որ նույնիսկ Խորհրդային միության ժամանակ չկային, կատարվում է ճանապարհաշինարարական այնպիսի հսկայական աշխատանքներ, որ ես չեմ պատկերացնում, թե երբ է այս ծավալի աշխատանք իրականացվել»,- ասել է մարզպետը։
Մայիսի 26-ին Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Նոել Բարոն հայտնել էր, որ Ֆրանսիան պատրաստվում է Գորիսում հյուպատոսական գործակալություն բացել: Մամուլի հաղորդմամբ՝ Գորիսում Ֆրանսիայի պատվո հյուպատոս կնշանակվի Կարմեն Ափունցը։