Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի որոշմամբ՝ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար է նշանակվել Մարատ Սևոյանը, հայտարարել է քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։
Ապրիլի 29-ին ակտիվիստ Արթուր Չախոյանը հայտարարել էր, որ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանն սպառնացել, հայհոյել է իրեն և Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանին։ Վերջիններս թաղապետի նկարի վրա հեղուկ էին լցրել։ Չախոյանն ապրիլի 29-ին գրել էր, որ գնալու է թաղապետարան՝ հանրային քննարկմանը մասնակցելու նպատակով:
Ապրիլի 30-ին, երբ Չախոյանն այցելել էր թաղապետարան, ծեծկռտուք էր տեղի ունեցել վարչական շրջանի ղեկավարի, նրա աջակիցների և Չախոյանի միջև, որից հետո վերջինիս ոստիկանությունից վնասվածքներով տեղափոխել էին հիվանդանոց, այնուհետ մեղադրանք առաջադրել։ Մեղադրանք էր առաջադրվել նաև Տեր-Մարգարյանին։ Քննչական կոմիտեից մայիսի 2-ին ArmeniaToday-ին տեղեկացրել էին, որ թաղապետարանում միջադեպերի վարույթներով 6 անձի նկատմամբ բացակայելու արգելք է կիրառվել։