Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի ղեկավար Լիպարիտ Դրմեյանը Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) գրասենյակի ղեկավար Օսվալդո Զավալա Գիլերին հայտնել է դատարանի՝ Հռոմի կանոնադրության վավերացումից հետո դրա իմպլեմենտացիայի ուղղությամբ արված քայլերը, փոխանցում են հայաստանյան գրասենյակից։
Նշվում է, որ կողմերը կարևորել են օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ ՄՔԴ-ի կողմից փորձագիտական կարծիքի տրամադրումը։ Ընդգծվել է ներպետական իրավապահ մարմինների կարողությունների զարգացմանն ուղղված քայլերում ՄՔԴ-ի հետ ակտիվ համագործակցության անհրաժեշտությունը՝ հաշվի առնելով առանձին հանցագործությունների քննության առանձնահատկությունները։
Ըստ հաղորդագրության՝ անդրադարձ է կատարվել ագրեսիայի հանցագործության վերաբերյալ ՄՔԴ-ի իրավասության ընդլայնման անհրաժեշտությանը։
Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը Հայաստանի համար ուժի մեջ էր մտել 2024-ի փետրվարի 1-ից։ Դատարանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ձերբակալելու որոշում էր կայացրել։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել էր, որ Մոսկվան Երևանի այս քայլը համարում է ոչ ճիշտ որոշում երկկողմ հարաբերությունների համար։