Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ քննարկել է Հայաստան-Ռուսաստան երկկողմ օրակարգին, ԵԱՏՄ շրջանակում փոխգործակցությանը վերաբերող հարցեր, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը։
Ըստ հաղորդագրության ՝ Փաշինյանն անդրադարձել է Հայաստան-ՌԴ հարաբերությունների ներկա ընթացքին։ Լավրովը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար՝ ընդգծելով Հայաստանի հետ հարաբերությունները զարգացնելու Ռուսաստանի պատրաստակամությունը:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգությանը վերաբերող հարցեր:
Մայիսի 20-ին Լավրովն աշխատանքային այցով ժամանել էր Հայաստան։ Մայիսի 21-ին նա հանդիպել էր ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ։ Միրզոյանը և Լավրովն ստորագրել էին Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարությունների միջև 2025-2026 թվականների խորհրդակցությունների ծրագիրը։ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը և ՌԴ արտաքին գործերի նախարարը քննարկել էին երկու երկրների բազմաշերտ համագործակցության ամրապնդմանն առնչվող հարցեր։