ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը և ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը քննարկել են երկու երկրների բազմաշերտ համագործակցության ամրապնդմանն առնչվող հարցեր, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ հանդիպման ընթացքում շեշտվել է, որ երկու երկրների համագործակցությունը պետք է զարգանա փոխադարձ հարգանքի և վստահության սկզբունքների հիման վրա և փոխշահավետ պայմաններում:
«Եթե ինչ-որ անհասկացվածություն կա, պետք է բաց և անկեղծ խոսակցություն լինի: Երբ հնարավորություն է ստեղծվում բաց և անկեղծ խոսել, ապա բոլոր հարցերը հնարավոր է լուծել»,- ասել է Խաչատուրյանը:
Լավրովը հիշեցրել է, որ անցյալ տարվա աշնանը ՀՀ-ի և ՌԴ-ի ղեկավարները պայմանավորվել են ամբողջ ծավալով վերականգնել կոնտակտները, ինչ վերաբերում է Արտաքին գործերի նախարարությանը, «ապա իրենք այդ հանձնարարությունը կատարում են»:
«Մենք դաշնակիցներ ենք, ռազմավարական գործընկերներ ենք: Այսօր հերթական անգամ հաստատեցինք մեր դաշնակցային հարաբերությունները, երկկողմ հավատարմությունը մեր պարտավորություններին: Կարծում եմ՝ շատ օգտակար, արձանագրված քաղաքական պահ էր, այդ թվում՝ հանրային մակարդակով»,- ասել ՌԴ արտգործնախարարը:
Նշվում է, որ անդրադարձ է կատարվել տնտեսական և ապակենտրոնացված համագործակցության հնարավորություններին։ Կարևորվել են ենթակառուցվածքներում ներդրումների խթանումը և ենթակառուցվածքների շարունակական զարգացումը։
Ըստ հաղորդագրության՝ կողմերը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային իրավիճակի շուրջ՝ ընդգծելով կայուն և տևական խաղաղության հաստատման կարևորությունը։
Մայիսի 20-ին Լավրովն աշխատանքային այցով ժամանել էր Հայաստան։ Մայիսի 21-ին նա հանդիպել էր ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ։ Միրզոյանը և Լավրովն ստորագրել էին Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարությունների միջև 2025-2026 թվականների խորհրդակցությունների ծրագիրը։