Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը մայիսի 20-21-ն աշխատանքային այցով կժամանի Երևան, կքննարկվեն տարածաշրջանային անվտանգության հարցեր, այդ թվում՝ հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացների հեռանկարները, հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն։
Նշվում է, որ օրակարգում կլինեն նաև երկկողմ համագործակցության հարցերի քննարկումը, եվրասիական ինտեգրացիոն միավորումների շրջանակներում փոխգործակցությունը, ինչպես նաև միջազգային հարթակներում, առաջին հերթին՝ ՄԱԿ-ում, դիրքորոշումների համաձայնեցումը։ Նախատեսվում է 2025-2026 թվականների միջգերատեսչական խորհրդակցությունների պլանի ստորագրում։
«Մոսկվան հույս ունի, որ այցը կնպաստի Ռուսաստանի և Հայաստանի միջև քաղաքական և միջգերատեսչական երկխոսության ամրապնդմանը, կհանգեցնի փոխըմբռնման աճի և երկու կողմերի համար հետաքրքրություն ներկայացնող հարցերի փոխադարձաբար ընդունելի լուծումների որոնմանը»,- ասվում է հաղորդագրությունում։
ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչությունից հայտնում են, որ բանակցություններ են նախատեսված ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ, վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ։ Բացի այդ, Լավրովը ելույթ կունենա Ռուս-Հայկական համալսարանում, Ռուսական տանը կհանդիպի հայրենակիցների հետ։
ՌԴ արտգործանախարարը նաև կայցելի Անհայտ զինվորի գերեզմանին, ծաղկեպսակ կտեղադրի Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանին, ասվում է հաղորդագրությունում։