«Գեղարդ» հիմնադրամը դատապարտել է Հորդանանի մայրաքաղաք Ամմանում կազմակերպված, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանի մշակութային ժառանգության հետքերով» գիտաժողովը։
Հիմնադրամը շեշտել է, որ Ադրբեջանի կողմից նման միջոցառումների և ցուցահանդեսների կազմակերպումն ակնհայտորեն նպատակաուղղված է շինծու «Արևմտյան Ադրբեջան» հասկացության միջազգայնացմանը։
«Ադրբեջանի այս գործողությունները վկայում են տարածաշրջանային կայունությունը խաթարելու և պատմական իրականությունը խեղաթյուրելու Բաքվի հետևողական ռազմավարության մասին։ Տարբեր երկրներում «Արևմտյան Ադրբեջան» անհիմն ձևակերպման օգտագործմամբ նման միջոցառումների կազմակերպումն ուղղված է պատմական փաստերի խեղաթյուրմանն ու տարածաշրջանում լարվածության պահպանմանը»,- նշել են հիմնադրամից։
Ըստ հաղորդագրության՝ Հորդանանում Ադրբեջանի դեսպանատանը բացվել է նաև «Արևմտյան Ադրբեջանի մշակույթը» ցուցահանդեսը, որտեղ ցուցադրվել են գորգեր, հագուստներ, զենք-զրահ, ինչպես նաև՝ իբրև թե Երևանում հատված Սեֆյան ժամանակաշրջանի 5 մետաղադրամ։
Միջոցառմանը մասնակցել է նաև Հորդանանի փոխվարչապետ Մուհամմադ Ալ-Մալքավին, ով հանդիսանում է նաև «Մերձավոր Արևելքում խաղաղության մշակույթի միության» ղեկավար, բարձր է գնահատել «բարեկամ և եղբայրական» երկու ժողովուրդների միջև առկա մշակութային կապերն ու ընդհանուր արժեքները:
«Լրջագույն անհանգստություն է առաջացնում այն փաստը, որ Հորդանանի բարձրաստիճան պաշտոնյան և համապատասխան կառույցները ոչ մի ուշադրություն չեն դարձրել այն հանգամանքին, որ կազմակերպված գիտաժողովն ու միջոցառումները նվիրված են հորինված քարոզչական միֆ «Արևմտյան Ադրբեջանին» և միտված են ծառայել արաբ ժողովրդին մշտապես բարեկամաբար տրամադրված հայ ժողովրդի տարածքային և պատմամշակութային ժառանգության յուրացմանը»,- շեշտել է հիմնադրամը։
Մայր Աթոռը դատապարտել էր ապրիլի 8-ին Լեհաստանում Ադրբեջանի դեսպանության կողմից կազմակերպված «Արևմտյան Ադրբեջան՝ մեր մշակութային հիշողության մեջ» խորագրով ցուցահանդեսը։ Աթոռը դատապարտել էր նաև Ադրբեջանի կողմից Հռոմում կազմակերպված «Քրիստոնեությունը Ադրբեջանում. պատմություն և արդի ժամանակներ» վերտառությամբ հակահայկական ուղղվածություն ունեցող միջոցառմանը, որտեղ հայկական հուշարձանները «աղվանական» էին ներկայացրել։