Վարչապետ Նիկոլ Փաշինյանի շրջապատում դեղագործական բիզնեսով զբաղվող անձինք չկան, հայտարարել է վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։
Նա ակնհայտ սուտ է որակել London Times կայքում արված հրապարակումը, ըստ որի՝ Փաշինյանը և իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչները «գաղտնի պայմանավորվածություններ ունեն եվրոպական դեղագործական ընկերությունների հետ»։
Բաղդասարյանը մանրամասնել է, որ տվյալ հրապարակումը վարչապետի հանձնարարությամբ ուղարկվել է իրավապահ մարմիններին՝ իրավական գնահատական տալու նպատակով։
Նա պարզաբանել է, որ հրապարակման մեջ նշված բնույթի որևէ բանակցություն որևէ ընկերության հետ տեղի չի ունեցել։
«Որևէ պայմանավորվածություն կամ պայմանագիր չկա և չէր կարող գոյություն ունենալ»,- գրել է Բաղդասարյանը։
Ըստ նրա՝ այդ հրապարակման ի հայտ գալը կարող է երկու պատվիրատու ունենալ․ արտաքին՝ Հայաստանում ներքին խժդժություններ հրահրելու, կամ ներքին՝ դեղերի առուվաճառքի շուկայում օրինականություն և հստակ հետագծելիություն սահմանելու, դեղերի ապօրինի շրջանառությանը վերջ դնելու կառավարության ջանքերին հակազդելու համար։
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հոդվածում «Հայաստանում իրականացվող կլինիկական փորձարկումների» մասին տվյալները բացարձակապես մտացածին է որակել։
Նա նշել է, որ հոդվածում հիշատակված դեղագործական ընկերություններից (STADA, SERVIER, SANOFI, BAYER) 2018-2025 թվականների ընթացքում միայն Servier ընկերությունն է դիմել կլինիկական փորձարկման թույլտվություն ստանալու հայտով, որը որևէ առնչություն չունի «ստերոիդների և հոգեմետ նյութերի», ինչպես նաև հոդվածում նշված «խոցելի խմբերի» հետ:
Անդրադառնալով նույն հոդվածում ներկայացված Pervitin դեղին, նախարարը շեշտել է, որ այն գրանցված չէ ՀՀ-ում և կլինիկան հետազոտության հայտ երբևէ չի ներկայացվել:
London Times կայքում մայիսի 2-ին հրապարակված հոդվածում ասվում է, որ արևմտյան դեղագործական ընկերությունները «բժշկական օգնության և մարդասիրական նախաձեռնությունների անվան տակ» Հայաստանում գործարկել է «նոր հոգեներգործողների, ստերոիդների և այլ վտանգավոր նյութերի փորձարկման մասշտաբային ծրագիր»։ Նշվում է, որ դեղերը «փորձարկվում են Հայաստանի բնակչության խոցելի խավերի՝ հղի կանանց, երեխաների, տարեցների և հաշմանդամների վրա»: Նշվում է, որ Հայաստանի իշխանությունները և վարչապետը հավանություն են տվել «իրենց երկրի քաղաքացիների նկատմամբ փորձարկումներին ՝ հանուն եվրոպական պետությունների բարեհաճության և ֆինանսական շահի»: