Խաղաղության պայմանագրի ստորագրման շուրջ խոսակցություն կա, սակայն շոշափելի արդյունք՝ առայժմ ոչ, «Ազատություն» ռադիոկայանին ասել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
Նա նշել է՝ հույս ունի դրական ելքի՝ այն է խաղաղության պայմանագրի ստորագրումը։ Արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը չի մեկանաբանել Ադրբեջանի նախապայմանները՝ Սահմանադրության փոփոխություն, ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարում:
«Գիտե՞ք, ամեն ինչ ասված է, ըստ էության՝ տեղեկատվությունը թարմացնելու այս պահին ոչինչ չկա։ Առայժմ առաջընթաց չկա Ադրբեջանի կողմից։ Բայց ինչպես և ցանկացած բանակցության դեպքում համբերությամբ զինվենք»,- ասել է նախարարը։
Մարտի 13-ին Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել էր, որ խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ բանակցությունների գործընթացն արդեն ավարտված է։ Պաշտոնական Երևանը հաստատել էր նախագծի հաստատման ավարտը, ավելին՝ հայտարարել, որ պատրաստ է Բաքվի հետ սկսել խորհրդակցություններ համաձայնագրի ստորագրման ժամկետների և վայրի շուրջ։ Մարտի 14-ին Միրզոյանը որոշ մանրամասներ էր ներկայացրել խաղաղության պայմանագրի դրույթների մասին։