Անհասկանալի են մեկնաբանությունները, թե Մոսկվա այցը կվնասի արևմուտքի հետ հարաբերություններին, ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա նշել է, որ ՀՀ իշխանությունները հրապարակային հայտնել են բալանսավորման արտաքին քաղաքականություն որդեգրելու մասին։
«Այդ քաղաքականության մեջ ամենևին չի մտնում այն, որ մենք մի ուղղությամբ մեր հարաբերությունները կառուցելու ենք ի հաշիվ մեր այլ հարաբերությունների կամ, առավել ևս, այդ քաղաքականության տրամաբանության մեջ երբեք չի եղել, որ մենք ՌԴ այցեր չենք ունենալու կամ Ռուսաստանի հետ հարաբերությունները չենք զարգացնելու կամ խորացնելու»,- ասել է նա։
Վարչապետը հաստատել է իր մասնակցությունը Հաղթանակի 80-ամյակին նվիրված միջոցառումներին։
«Ընդունել եմ ՌԴ նախագահի հրավերը՝ մասնակցելու միջոցառումներին»,- նշել է նա՝ շեշտելով, որ միջոցառումների շրջանակում տեղի են ունենում նաև որոշակի հանդիպումներ՝ երկկողմ օրակարգին վերաբերող հարցերով, ինչը բաց թողնելն այնքան էլ ճիշտ չի լինի։
Փաշինյանը բացատրել է, որ միջոցառումները ֆորմալ գագաթնաժողով չեն ենթադրում, շփումներ, սակայն, նախատեսվում են։
«Բայց որքանով դրանք կֆորմալացվեն, չգիտեմ, քանի որ շատ խիտ գրաֆիկ է, և այդ գրաֆիկի շրջանակում ենք աշխատելու»,- հավելել է երկրի ղեկավարը։
Մարտի 14-ին Կրեմլը հայտարարել էր, որ Հայաստանի վարչապետը հաստատել է իր մասնակցությունը Մոսկվայում կայանալիք Մայիսի 9-ի տոնակատարություններին։ ՀՀ քաղաքացիների 62%-ը, ըստ հարցումների, հավանություն էր տվել Հաղթանակի տոնակատարություններին Փաշինյանի մասնակցությանը։