ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության առաջարկած՝ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 80-ամյակի մասին հայտարարության նախագիծը մայիսի 9-ին ընդառաջ չի ընդգրկվել խորհրդարանի նիստերի օրակարգ, գրել է «Հրապարակ»-ը:
Ըստ նախագծի զեկուցող, խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի՝ պատճառը դրա արդիականությունը թուլացնելն է։
«Կարծում եմ` իշխանության պահվածքը պայմանավորված է նրանով, որ այս հայտարարության հետ կապված որևէ թիրախավորում չէր կարող անել, որովհետև այն, ինչ ներկայացված է, պատմական փաստեր են, որոնք միմյանց հետ շաղկապված են, բայց դրա ազդեցությունը թուլացնելու համար մայիսի 9-ին չարեցին, տեղափոխեցին հաջորդ նիստին»,- ասել է նա թերթին։
Ընդդիմադիր պատգամավորը հիշեցրել է, որ Մայիսի 9-ը նաև Շուշիի ազատագրման օրն է, և անկախ այն հանգամանքից, որ Արցախն այսօր գտնվում է ադրբեջանական օկուպացիայի տակ, դա հաղթանակի, ոգու, իր տակ կրող արժեքային համակարգով փոխանցվում է սերնդեսերունդ։
Նախագծի հեղինակները հայտարարության ընդունման անհրաժեշտությունը հիմնավորել են նրանով, որ «80 տարի առաջ նացիստական Գերմանիան պարտվել է, բայց ֆաշիզմի, այլատյացության ու անհանդուրժողականության դրսևորումներն այսօր էլ գոյություն ունեն, կյանքի են կոչվում աշխարհի տարբեր անկյուններում»։ Նրանք մատնանշել են 2023թ. սեպտեմբերին արցախյան դեպքերը, երբ Ադրբեջանն Արցախի բնիկ հայերի էթնիկ զտումներ էր իրականացրել և հազարամյակներով այնտեղ ապրող հայ բնակչությանը բռնի տեղահանել:
Մարտի 14-ին Կրեմլը հայտարարել էր, որ Հայաստանի վարչապետը հաստատել է իր մասնակցությունը Մոսկվայում կայանալիք Մայիսի 9-ի տոնակատարություններին։ ՀՀ քաղաքացիների 62%-ը, ըստ հարցումների, հավանություն էր տվել Հաղթանակի տոնակատարություններին Փաշինյանի մասնակցությանը։