Մարսելի քաղաքապետ Բենուա Պայանն այցելել է «Եռաբլուր», այդ մասին նա հայտնել է Х-ում։
Նրա գլխավորած պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Արցախյան առաջին պատերազմի, 2016 թվականի քառօրյա պատերազմի և 2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում Հայաստանի և Արցախի համար իրենց կյանքը զոհաբերած հազարավոր նահատակների հիշատակին:
«Հարգանքի տուրք՝ անարդար և ավերիչ պատերազմի հայ զոհերի հիշատակին՝ «Եռաբլուր» զինվորական գերեզմանատանը: Մարսելը միշտ կլինի խաղաղության կողմում»,- գրել է քաղաքական գործիչը։
Ֆրանսիացի պատվիրակներին ուղեկցել է պանթեոնի մուտքի մոտ գտնվող Սրբոց Վարդանանց Նահատակաց եկեղեցու քահանա Տեր Հովհաննեսը:
Պայանը նաև հարգանքի տուրք է մատուցել Հայ ազգային-ազատագրական շարժման հերոս Անդրանիկ Օզանյանի և այդ շարժման մասնակից, հայ ֆիդայինների առաջնորդ Աղբյուր Սերոբի կնոջ՝ Սոսե Մայրիկի հիշատակին:
Մայիսի 2-ին Պայանը պաշտոնական այցով ժամանել էր Հայաստան։ Նա այցելել էր Խաչիկ գյուղի բժշկական կենտրոն, սահմանամերձ Պարույր Սևակ գյուղ՝ Արցախից բռնի տեղահանվածների ընդունման կենտրոն։ Մայիսի 4-ին նա Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք էր մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: