Տեսարանը ոչ հաճելիներից էր, և որպես վարչական շրջանի ղեկավար՝ չպետք է տրվեի սադրանքի, պետք է առավելագույնս պահպանեի զսպվածություն, Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ, մեկնաբանելով Նոր Նորքի թաղապետարանում տեղի ունեցած
միջադեպը, ասել է թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանը։
«Ցավում եմ տեղի ունեցածի համար, և՛ Ձեզանից՝ պարոն քաղաքապետ, և՛ մեր հանրությունից ևս մեկ անգամ հայցում եմ ներողամտություն: Հավատացնում եմ, որ եկել եմ բազմաթիվ եզրահանգումների»,- նշել է նա։
Իր հերթին՝ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ասել է, որ բռնության որևէ ձև՝ լինի ֆիզիկական, խոսքով, վիրավորանքով, սադրանքով՝ անընդունելի է:
«Երևանի քաղաքապետարանի յուրաքանչյուր աշխատակից, ով տվյալ վարչական շրջանում Երևանի քաղաքապետի ներկայացուցիչ է, պարտավոր է ցուցաբերել զսպվածություն՝ կյանքի բոլոր պարագաներում»,- զգուշացրել է նա:
Ավինյանի խոսքով՝ սադրանքները միշտ կան, ամենուրեք են և միշտ կլինեն։
«Անընդհատ որևէ մեկը որևէ մի թեմայով մի սուտ կասի, և դա, վստահաբար, կարող ենք որպես սադրանք ընդունել։ Այնուամենայնիվ, դատավորի դեր չեմ ստանձնելու, կա քրեական գործ, և այդ գործի քննությունը ցույց է տալիս, որ կա նաև երկրորդ կողմ, կան անձինք, որոնք ներգրավված են խուլիգանության հոդվածով, և վարույթ է իրականացվում»,- շեշտել է քաղաքապետը:
Պաշտոնյայի խոսքով՝ շատ կարևոր է հաստատել թիմի վարքականոնը, քանի որ TikTok-յան հիթ դառնալու մոլուցքով շատերը փորձելու են ավելի մեծ եռանդով սադրանքներ իրականացնել:
«Սա չի նշանակում, որ մեր որևէ մկան ավել շարժում պետք է իրականացնի: Մկան ասելով՝ նկատի չունեմ «բիլակներ», նկատի ունեմ ունքը։ Մեր որևէ արձագանք չպետք է լինի անզուսպ»,- պարզաբանել է քաղաքապետը:
Ապրիլի 29-ին ակտիվիստ Արթուր Չախոյանը
հայտարարել էր, որ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարն սպառնացել, հայհոյել է իրեն և Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանին։ Վերջիններս թաղապետի նկարի վրա հեղուկ էին լցրել։ Չախոյանն ապրիլի 29-ին
գրել էր, որ գնալու է թաղապետարան՝ հանրային քննարկմանը մասնակցելու նպատակով:
Ապրիլի 30-ին, երբ Չախոյանն այցելել էր թաղապետարան,
ծեծկռտուք էր տեղի ունեցել վարչական շրջանի ղեկավարի, նրա աջակիցների և Չախոյանի միջև, որից հետո վերջինիս ոստիկանությունից վնասվածքներով
տեղափոխել էին հիվանդանոց, այնուհետ մեղադրանք
առաջադրել։
ՔԿ խոսնակը մայիսի 1-ին տեղեկացրել էր, որ ապրիլի 29-ին տեղի ունեցած դեպքի առթիվ նախաձեռնված քրվարույթի շրջանակներում մի խումբ անձանց կողմից խուլիգանություն կատարելու հատկանիշներով հանրային քրեական հետապնդում էր հարուցվել 2 անձի նկատմամբ։ Ապրիլի 30-ի դեպքի առնչությամբ հանրային քրեական հետապնդում էր հարուցվել 4 անձի նկատմամբ՝ մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործության հատկանիշներով։ ԶԼՄ-ները գրել էին, որ մեղադրանք է առաջադրվել նաև Տեր-Մարգարյանին։