ԱԺ «Հայաստան» խմբակցությունը հայտարարել է, որ առանց փողոցում ձևավորված հզոր, համաժողովրդական ճնշման անհնար է իմփիչմենթի հաջողության համար անհրաժեշտ շուրջ երկու տասնյակ հավելյալ ձայների ապահովումը։
Դաշինքը վերահաստատել է իր պատրաստակամությունը տրամադրել բոլոր 28 պատգամավորների ստորագրությունները գործընթացն սկսելու համար, եթե նման գործընթացի նախաձեռնողները կարողանան ապահովել բացակայող 8 պատգամավորի ստորագրություն։
««Հայաստան» խմբակցությունը միաձայնությամբ վերահաստատում է իր պատրաստակամությունը՝ տրամադրելու բոլոր 28 պատգամավորի ստորագրությունները իմփիչմենթի գործընթացի մեկնարկի համար, եթե նման գործընթաց նախաձեռնողները կարողանան ապահովել պակասող 8 պատգամավորի ստորագրություն, ինչպես նաև հրապարակավ կհայտարարեն իմփիչմենթի հաջողության հասնելու համար անհրաժեշտ ժողովրդական զանգված ապահովելու իրենց կարողության և պատասխանատվության մասին»,- ասված է ընդդիմադիր ուժի հայտարարության մեջ։
Դաշինքը հիշեցրել է, որ միշտ կողմ է արտահայտվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հեռացնելու ցանկացած տարբերակի օգտագործմանը։ Համարելով այն կենսական անհրաժեշտություն պետության և ժողովրդի համար՝ խմբակցությունն առաջինն էր, որ հայտարարել էր իմփիչմենթի իրավական գործիքը կիրառելու հնարավորության մասին։
Նախագծի հեղինակներ Էդգար Ղազարյանն ու Նարեկ Մալյանը պատասխանել են «Հայաստան» դաշինքի հայտարարությանը։
Ղազարյանը նշել է, որ իր տպավորությամբ՝ խմբակցության օգտահաշիվը կոտրվել է հաքերների կողմից և նրա անունից հայտարարություն է տեղադրվել՝ ՀՀ վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացի մասին։
«Առաջարկում եմ օգտահաշիվը կառավարող գործընկերներին ցուցաբերել զգոնություն, անհրաժեշտության դեպքում հեռացնել «Հայաստան» դաշինքի պատգամավորներին թիրախավորելու և նրանց հեղինակության դեմ արված հայտարարությունը»,- գրել է նա։
Մալյանը շեշտել է, որ ընդդիմությունն իր ձայները փորձում է «թանկ վաճառել՝ պայմաններ առաջ քաշելով»։ Ըստ Մալյանի՝ նրանք 4 տարում այդպես էլ չունեցան վարչապետի թեկնածու։
Ըստ Մալյանի՝ «նախ փողոց գեներացրեք, հետո մեզ կտրեք մեր կարևոր գործերից» թեզը ծիծաղելի է, որովհետև իմփիչմենթի խոստումով առնվազն 3 անգամ ծանրակշիռ փողոց է գեներացվել ու տապալվել:
«Սա կանխատեսելի էր, հետևաբար, սրա հակաքայլերը ևս մտածած էին մեր կողմից»,- հայտարարել է Մալյանը՝ խոստանալով ուղիղ եթերում պարզաբանել։
Ապրիլի 28-ին «Արթուն ենք» շարժումը նամակներ էր փոխանցել ԱԺ պատգամավորներին՝ Փաշինյանի իմփիչմենթի առաջարկով։ ԱԺ անկախ պատգամավորներ Հովիկ Աղազարյանը, Հակոբ Ասլանյանն ու Գեղամ Նազարյանն Armenia Today-ին հայտնել էին, որ չեն մասնակցի Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթացին։