Մայիսի 5-ին կայանալիք ԱԺ խորհրդի նիստում կարող է հաստատվել հաջորդ օրը մեկնարկող ԱԺ լիագումար նիստին ՔՊ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի վարքագծի վերաբերյալ պատգամավորական էթիկայի հարցերով հանձնաժողով ստեղծելու մասին հարցը, գրել է «Ժողովուրդ»-ը։
Հարցը նախորդ շաբաթ հանձնաժողովում բացասական եզրակացություն էր ստացել, սակայն ընդդիմադիրները, օգտվելով իրենց իրավունքից, Քոչարյանի հարցը մտցրել են լիագումար նիստերի օրակարգ։
Հիշեցնենք, որ ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցություններն առաջարկում են էթիկայի հանձնաժողով ստեղծել՝ Քոչարյանի վարքը քննելու նպատակով։ Նախագիծն ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովում ներկայացրել է պատգամավոր Թագուհի Թովմասյանը։
Մարտի 20-ի ճեպազրույցի ժամանակ Քոչարյանը լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանից պահանջել էր հեռու կանգնել և «մաքրել շուրթերը»։ Մի քանի օր անց՝ մարտի 26-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանին էին փոխանցել պատգամավորական էթիկայի հանձնաժողով ձևավորելու պահանջով նամակ, որն ստորագրել էր 161 լրագրող։ Հայաստանի ժուռնալիստների միությունը դատապարտել էր Ազգային ժողովում լրագրողների ակցիան բռնությամբ ընդհատելը։
Մամուլն ավելի վաղ նաև գրել էր, որ լրագրողի նկատմամբ իր կոպիտ վերաբերմունքի քննադատությունից հետո Քոչարյանը մեկուսացել է ՔՊ գործընկերներից։