Հաղթանակի 80-ամյակի կապակցությամբ ֆաշիզմի դեմ տարված հաղթանակին նվիրված աշխատաժողովի ժամանակ Հայաստանի և Ադրբեջանի պատվիրակության անդամների միջև միջադեպ է տեղի ունեցել։
Հայկական պատվիրակության երկու ներկայացուցիչներ՝ ԲՀԿ-ից Իվետա Տոնոյանն ու ՀՀԿ անդամ Էդուարդ Շարմազանովը հակադարձել են ադրբեջանցի պատվիրակների հայտարարություններին։
Տոնոյանն Armenia Today-ին պատմեց, որ «Յեդինայա Ռոսսիյա» կուսակցության կազմակերպած աշխատաժողովին մասնակցել է շուրջ 30 պետությունների 100-ից ավելի պատվիրակ, և օրակարգով նախատեսված ելույթներ են ընթացել։
«Քանի որ Ադրբեջանի պատվիրակության ղեկավարի ելույթը ավելի վաղ էր, քան մեր ելույթները, և ադրբեջանական «Յենի Ազերբայջան» կուսակցության ներկայացուցիչն իր ելույթում հակահայկական մի շարք հայտարարություններով հանդես եկավ, բնականաբար մենք դրանք անպատասխան թողնել չէինք կարող և օգտվելով ընձեռված հնարավորությունից՝ բնականաբար, փոխեցինք մեր ելույթների տրամաբանությունը»,- ասաց նա։
Տոնոյանը բացատրեց, որ ավելի վաղ ելույթները նվիրված էին բացառապես Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակին, դրա դասերին, ՄԱԿ-ի ձևավորմանը, սակայն ելույթների կառուցվածքն ամբողջությամբ փոխվել է, երբ ադրբեջանցիները սադրանք են իրականացրել։
«Երբ պատվիրակության ղեկավարի ելույթից հետո նրանք հասկացան, որ հայկական պատվիրակության արձագանքը կոշտ է լինելու, նրանց պատվիրակությանը միացան նաև ՌԴ-ում Ադրբեջանի դեսպանատան աշխատակիցները, խորհրդականները, և բավականին ներկայանալի կազմ էր հավաքվել դահլիճում, սակայն դա որևէ կերպ մեզ չխանգարեց, որ մենք մեր տեսակետն արտահայտենք»,- նշեց Տոնոյանը։
Ըստ նրա՝ Շարմազանովը պատմական փաստերով ապացուցել է, որ Արցախում էթնիկ զտում է տեղի ունեցել, և որ մշակութային ժառանգությունն Արցախում ոչնչացվում է։
«Իսկ իմ ելույթում, անդրադառնալով մերօրյա ֆաշիզմի դրսևորումներին, ես նշել եմ, որ 21-րդ դարում, ցավոք, դեռ ֆաշիզմի դրսևորումները շարունակվում են, և գնդակոծության են ենթարկվում խաղաղ գյուղերն ու քաղաքները, բնակիչներն են կրակահերթերի տակ հայտնվում, ինչպես նաև շուրջ 120 000 մեր հայրենակիցներ բռնի տեղահանվել են Արցախից»,- շեշտեց Տոնոյանը։
Պատվիրակի խոսքով՝ դահլիճում բավականին շիկացած մթնոլորտ է տիրել։ Միջադեպից հետո ադրբեջանական պատվիրակությունը ցանկություն է հայտնել նորից ելույթ ունենալ, որ արձագանքեն հայկական կողմին, սակայն իրենք դեմ են արտահայտվել, որովհետև դա օրակարգի խախտում կլիներ, յուրաքանչյուր պատվիրակության մեկ ելույթի հնարավորություն է տրվել։ Այսպիսով՝ նրանք, ելույթի հնարավորություն չունենալով, պարզապես լքել են դահլիճը։
«Ավելի վաղ մենք միջոցառման կազմակերպիչների հետ քննարկել ենք միջադեպը։ Սակայն այլ զարգացում տեղի չի ունեցել, կարևորն այն էր, որ 30 երկրների ներկայացուցիչների ներկայությամբ մենք վերահաստատեցինք այն իրողությունը, որը կա իրականում և Ադրբեջանի՝ ցանկացած հնարավոր առիթը օգտագործելու, հակահայկական հայտարարություններ անելու հարցը բարեբախտաբար ձախողվեց, տապալվեց ու անպատասխան չմնաց»,- եզրափակեց Տոնոյանը։