Պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Սլովենիայի փոխվարչապետ, արտաքին ու եվրոպական հարցերի նախարար Տանյա Ֆայոնը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը վերահաստատել է աջակցությունը Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հաստատմանն ուղղված ջանքերին, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը։
Նա ընդգծել է երկխոսության և դիվանագիտական փոխգործակցության կարևորությունը։
Ըստ հաղորդագրության՝ կողմերը քննարկել են տարածաշրջանային հարցեր։ Անդրադարձ է կատարվել «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի նախագծի համաձայնեցման փաստին:
Փաշինյանն ընդգծել է երկու երկրների կառավարությունների միջև փոխգործակցության ակտիվացման անհրաժեշտությունը՝ քաղաքական, տնտեսական և այլ ուղղություններով կապերը զարգացնելու և ընդլայնելու նպատակով:
Ֆայոնը կարևորել է Հայաստանի հետ հարաբերությունների հետևողական զարգացումը և հավելել, որ ՀՀ այցի նպատակն է քննարկել երկկողմ փոխգործակցության խթանման հնարավորություններն ու հետագա քայլերը:
Մտքեր են փոխանակվել Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների հետագա զարգացման, ինչպես նաև Հայաստանում ընթացող ժողովրդավարական և ինստիտուցիոնալ բարեփոխումների աջակցությանն ու սերտ համագործակցության ընդլայնման հնարավորությունների շուրջ:
Հայաստանն անցած տարի առաջին անգամ օժանդակություն էր ստացել Եվրամիության Խաղաղության հիմնադրամից: Խորհրդարանը նախորդ ամիս ընդունել էր Եվրամիության անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրինագիծը, որը ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն ապրիլին ստորագրել էր: