Շատ անհանգստացած եմ հայ-ադրբեջանական սահմանին լարվածության աճով, հայտարարել է Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարրոն՝ Լյուքսեմբուրգում Եվրոպայի ԱԳ նախարարների հանդիպման ժամանակ։
«Հուսով եմ` տեղակայված եվրոպական առաքելությունը կարող է ընդլայնվել, որպեսզի կարողանա դիտարկել և զսպել այդ լարվածությունը»,- նշել է նա։
Վերջինս շեշտել է, որ Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագիրը պետք է ստորագրվի հիմա, և կամայականորեն կալանավորվածները, բանտարկյալները պետք է ազատ արձակվեն։
Արձագանքելով ֆրանսիացի պաշտոնյայի այս հայտարարություններին՝ Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն X-ի իր էջում նշել է, որ Ֆրանսիայի կողմից Հայաստանին «մահացու զենքի մատակարարումը և նրա երկարատև հակաադրբեջանական դիրքորոշումը», որը չի ծառայում խաղաղությանը, չեն համընկնում Բարրոյի կողմից տարածաշրջանում լարվածության առաջացման վերաբերյալ արտահայտված մտահոգությունների հետ։
«Այս երկակի մոտեցումը ցույց է տալիս Ֆրանսիայի երեսպաշտությունը։ Չնայած խաղաղության համաձայնագրի կնքումը կարևոր իրադարձություն է, դրա ստորագրումը և տարածաշրջանում կայուն խաղաղության հասնելը պահանջում են Հայաստանի սահմանադրությունից Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջների վերացում և, մասնավորապես, Ֆրանսիայի կողմից արտաքին միջամտության դադարեցում, որը նպաստում է տարածաշրջանում իրավիճակի անկայունացմանը»,- ասվում է հրապարակման մեջ:
Մարտի 13-ին Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել էր Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ բանակցությունների ավարտի մասին հայկական կողմից՝ վերջին երկու կետերի վերաբերյալ Բաքվի առաջարկները ընդունելուց հետո։ Հայաստանի ԱԳՆ-ն հաստատել էր լուրը և հայտարարել, որ Երևանը պատրաստ է Բաքվի հետ քննարկել համաձայնագրի ստորագրման ժամկետները և վայրը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մանրամասնել էր Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի երկու կետերի բովանդակությունը և հաստատել, որ հարցերը վերաբերում էին հայ-ադրբեջանական սահմանին երրորդ երկրների ներկայացուցիչների բացակայության դրույթին, ինչպես նաև միջազգային դատարաններում հայցերը հետ կանչելու խնդրին։ Մարտի 13-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ Բաքվի վստահության մակարդակը Հայաստանի նկատմամբ «մոտ է զրոյին»։
Խաղաղության պայմանագիրն ավարտելու համար Բաքուն շարունակում է պահանջել, որ Հայաստանը պետք է լուծարի ԵԱՀԿ Մինսկի խումբը, փոխի Սահմանադրությունը:
ՀՀ իշխանությունները բազմիցս պնդել են, որ Մայր օրենքում տարածքային պահանջներ չկան, իսկ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն էլ Անթալիայում կրկնել է Հայաստանի դիրքորոշումը, որ պատրաստ են Մինսկի խումբը լուծարելու գործընթացն սկսել: