Հայաստանի և Թուրքիայի բանակցությունների վերջնական նպատակը հարաբերությունների լիակատար կարգավորումն է, ներառյալ՝ դիվանագիտական և տնտեսական կապերի հաստատումը և սահմանների բացումը, Անթալիայում թուրքական TRT հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։
«Իրականությունը ցույց է տալիս, երբ խոսքը վերաբերում է, օրինակ, մերձավորարևելյան հարցերին, երբեմն մեր հայացքները, մեր ընկալումներն ավելի մոտ են, քան կարելի էր ենթադրել»,- ասել է նա:
Նախարարը նշել է, որ երկխոսությունը վերաբերում է նաև «լայնածավալ առևտրին, որը կարող է իրականացվել երկու երկրների միջև»։
«Մենք քննարկել ենք համատեղ էներգետիկ որոշ նախագծեր և տարանցիկ հնարավորություններ»,- հավելել է Միրզոյանը։
Նա ընդգծել է, որ թեպետ Հայաստանի և Թուրքիայի միջև երրորդ երկրների, ինչպես նաև դիվանագիտական անձնագրերով Հայաստանի և Թուրքիայի քաղաքացիների համար սահմանը բացելու պայմանավորվածություն կա, բայց դրա կյանքի կոչումը կանգ է առել։
Հայ-ադրբեջանական բանակցություններին անդրադառնալով՝ Միրզոյանը նշել է, որ Երևանը ցանկանում է Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիր և Մինսկի խմբի լուծարման մասին փաստաթուղթ ստորագրել նույն օրը:
Նա հավելել է, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումը կներառվի առաջիկա խաղաղության համաձայնագրում:
Ապրիլի 12-ին Միրզոյանը և Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանն Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում քննարկել էին Հայաստան- Թուրքիա երկկողմ օրակարգի ընթացիկ կետերը։
Ապրիլի 11-ին Անթալիայում հանդիպել էին Հայաստանի և Թուրքիայի կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանն ու Սերդար Քըլըչը։