Ուրուգվայի խորհրդարանը հայտարարություն է ընդունել՝ Ադրբեջանին կոչ անելով անհապաղ ազատ արձակել հայ գերիներին, տեղեկացնում է Ուրուգվայում ՀՀ դեսպանությունը:
Պատգամավորներ Խոսե Լուիս Սաջյանը, Անա Օլիվերան և Պեդրո Խիսդոնյանն անդրադարձել են Լեռնային Ղարաբաղի ժողովրդի էթնիկ զտմանը, Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ գերիների խնդրին:
«Սաջյանի նախաձեռնությամբ՝ Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի պատգամավորներն անդրադարձել են Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին: Խորհրդարանում ներկայացված բոլոր քաղաքական ուժերի ներկայացուցիչները հպարտությամբ նշել են, որ Ուրուգվայը Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչած առաջին երկիրն է»,- ասվում է հաղորդագրությունում:
Ուրուգվայցի խորհրդարանականներն իրենց հարգանքն ու համերաշխությունն են հայտնել հայ ժողովրդին, ուրուգվայահայ համայնքին, ողջունել ՀՀ դեսպան Մարիամ Գևորգյանին, որ ներկա էր՝ բարձր գնահատելով դիվանագիտական կառույցի գործունեությունը:
Ադրբեջանում, պաշտոնական տվյալներով, 23 հայ գերի կա։ 2024-ի դեկտեմբերին Բաքուն դատարան է ուղարկել Ադրբեջանում ապօրինի պահվող 15 անձանց, այդ թվում՝ Արցախի նախկին առաջնորդների քրեական գործը։ Նրանք մեղադրվում են 2548 դրվագով։ Հունվարի 17-ին սկսվել են Արցախի առաջնորդների դատավարությունները:
Գործով անցնում են Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Արայիկ Հարությունյանը և Բակո Սահակյանը, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը, պաշտպանության նախկին նախարար Լևոն Մնացականյանը, Պաշտպանության բանակի հրամանատարի նախկին առաջին տեղակալ Դավիթ Մանուկյանը, ինչպես նաև Գարիկ Մարտիրոսյանը, Մելիքսեթ Փաշայանը, Դավիթ Ալավերդյանը, Գուրգեն Ստեփանյանը, Լևոն Բալայանը, Մադաթ Բաբայանը, Վասիլի Բեգլարյանը և Էրիկ Ղազարյանը: Վարդանյանի գործն առանձին է քննվում։ Նրան սպառնում է ցմահ ազատազրկում Բաքվի բանտում։
Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը մարտի 13-ին Armenia Today-ի հետ զրույցում կարծիք էր հայտնել, որ 2023 թվականի սեպտեմբերից Հայաստանի իշխանությունները կտրուկ նվազեցրել են Բաքվում ապօրինաբար դատվող հայ գերիներին և Արցախի առաջնորդներին ազատ արձակելու ջանքերի մակարդակը։