Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախումբը հայ գերիներին ազատելու և Հայաստանի անվտանգության ապահովման կոչ է արել ԱՄՆ-ին, հայտնել են ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակից։ Նամակի ստորագրումն առաջնորդել են Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի ղեկավարներ Ֆրենկ Փալոնը, Դեյվիդ Վալադաուն, Բրեդ Շերմանը և Գաս Բիլիրակիսը։
ԱՄՆ Կոնգրեսի 25 անդամից բաղկացած հայկական հարցերով հանձնախումբը երկկուսակցական նամակ է ուղարկել պետքարտուղար Մարկո Ռուբիոյին և ազգային անվտանգության խորհրդական Մայքլ Ուոլցին՝ պահանջելով նպաստել Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ բանտարկյալների ազատ արձակմանը և Հարավային Կովկասում ամերիկյան ներգրավվածության ընդլայնման շրջանակում ամրապնդել ԱՄՆ քաղաքականությունը՝ պաշտպանելով Հայաստանի ինքնիշխանությունն ու անվտանգությունը։
Նամակում Կոնգրեսի անդամները շեշտել են ԱՄՆ անմիջական և կոնկրետ ներգրավվածության անհրաժեշտությունը՝ կանխելու խաղաղության գործընթացի հետընթացը և նպաստելու հայ գերիների ազատ արձակմանը:
«Հարավային Կովկասում կայուն խաղաղության ապահովումը ազգային անվտանգության կարևոր խնդիր է և ուղղակիորեն համահունչ է նախագահ Թրամփի գլոբալ խաղաղության նախաձեռնություններին: Արդյունքում՝ Ադրբեջանի շարունակական սպառնալիքների ետնապատկերի վրա Միացյալ Նահանգները պարտավորություն ունի ձգտելու ամրապնդել վստահությունն ու անվտանգությունը»,- նշել են նրանք նամակում։
Բաքվում, պաշտոնական տվյալներով, 23 հայ գերի կա։ 2024-ի դեկտեմբերին Բաքուն դատարան էր հանձնել Ադրբեջանում ապօրինի պահվող 15 անձանց, այդ թվում՝ Արցախի նախկին առաջնորդների քրեական գործը։ Նրանք մեղադրվում են 2548 դրվագով։ Հունվարի 17-ին Բաքվում սկսվել էին Արցախի առաջնորդների դատավարությունները:
Գործով անցնում են Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Արայիկ Հարությունյանը և Բակո Սահակյանը, Վարդանյանը, Արցախի ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը, Բաբայանը, պաշտպանության նախկին նախարար Լևոն Մնացականյանը, Արցախի պաշտպանության բանակի հրամանատարի նախկին առաջին տեղակալ Դավիթ Մանուկյանը, ինչպես նաև Գարիկ Մարտիրոսյանը, Մելիքսեթ Փաշայանը, Դավիթ Ալավերդյանը, Գուրգեն Ստեփանյանը, Լևոն Բալայանը, Մադաթ Բաբայանը, Վասիլի Բեգլարյանը և Էրիկ Ղազարյանը: Վարդանյանի գործն առանձին է քննվում։ Նրան սպառնում է ցմահ ազատազրկում Բաքվի բանտում։
Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը մարտի 13-ին Armenia Today-ին հայտնել էր, որ 2023 թվականի սեպտեմբերից Հայաստանի իշխանությունները կտրուկ նվազեցրել են Բաքվում ապօրինաբար դատվող հայ գերիներին և Արցախի առաջնորդներին ազատ արձակելու ջանքերի մակարդակը։