Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գյումրիի և Փարաքարի ընտրություններից հետո ծրագրում է ռադիկալ փոփոխություններ կատարել իշխող կուսակցությունում՝ ցույց տալով, որ դժգոհ է բոլորից և կատարում է իր նախընտրական «խոստումը», որ եթե «Քաղաքացիական պայմանագիրը» չհաղթի, «գլուխները կթռչեն», գրել է «Հրապարակ»-ը։
Թերթի տեղեկություններով՝ Փաշինյանը կարող է ԱԺ պաշտպանության և անվտանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանին և ՔՊ պատգամավոր Վիլեն Գաբրիելյանին հեռացնել ՔՊ-ից։
«ՔՊ ներկայացուցիչները երեկ չէին բացառում, որ Վիլենը որոշ շրջանակների ուղղորդմամբ հատուկ գնացել է Գյումրի, որ վարկաբեկի ՔՊ-ին»,- նշել է թերթը՝ հավելելով, որ Գաբրիելյանի վարքագծի հարցը կքննարկվի իշխող կուսակցության վարչությունում։
ՔՊ պատգամավոր Գաբրիելյանը հայտարարել է մանդատը վայր դնելու մասին։ Մարտի 30-ին Գյումրիում՝ ավագանու արտահերթ ընտրությունների ժամանակ, Գաբրիելյանի և լրագրողների միջև միջադեպ էր տեղի ունեցել, Գաբրիելյանը, որն անսթափ վիճակում էր, նաև սեռական բնույթի հայհոյանք էր հնչեցրել։
Գյումրիում 82 ընտրական տեղամասի արդյունքներով՝ ՔՊ-ն և ՔՊ-ի քաղաքապետի թեկնածու Սարիկ Մինասյանը հավաքել են 17 183 ձայն՝ չստանալով բացարձակ մեծամասնություն, ինչը հնարավորություն կտար քաղաքապետ դառնալ։ Երկրորդ տեղում «Հայաստանի կոմունիստական կուսակցության» թեկնածու, Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանն է՝ 9727 ձայնով։ Երրորդ տեղում «Մեր քաղաքը» դաշինքն է և նրա թեկնածու Գրիգորյանը՝ 7380 ձայնով, չորրորդում՝ Ռուբեն Մխիթարյանն ու «Իմ հզոր համայնքը»՝ 3734 ձայնով։ Առաջատարների հնգյակը 2902 ձայնով եզրափակում է «Մայր Հայաստան» դաշինքը, որի ցուցակը գլխավորում է Կարեն Սիմոնյանը։
Փարաքարում ձայների հաշվարկի արդյունքներով՝ առաջատար են «Միասնություն» կուսակցությունների դաշինքը և նրա քաղաքապետի թեկնածու Վոլոդյա Գրիգորյանը՝ հավաքելով 6508 ձայն։ Երկրորդ տեղում ՔՊ թեկնածու Լյուդվիգ Գյուլնազարյանն է՝ 3669 ձայնով։ «Ազգային առաջընթաց» և «Կայունություն» կուսակցություններն ստացել են համապատասխանաբար 900 և 426 ձայն։