ՀՀ քննչական կոմիտեում Գյումրու ավագանու արտահերթ ընտրությունների ընթացքում կատարված ընտրախախտումների շուրջ նախաձեռնվել է 10 քրեական վարույթ, հայտնել է ՔԿ-ն։
Ըստ հրապարակման՝ դրանք վերաբերում են քվեարկության գաղտնիությունը խախտելուն, ընտրական կամ հանրաքվեին մասնակցելու իրավունքի իրականացմանը, ընտրական հանձնաժողովների աշխատանքներին, ընտրությանը կամ հանրաքվեին մասնակցող անձանց իրավունքների կամ պարտականությունների իրականացմանը խոչընդոտելուն, ընտրական գործընթացի պատշաճ կազմակերպման համար անհրաժեշտ առարկաները հափշտակելուն, ինչպես նաև ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսք տարածելու և խուլիգանություն կատարելու հատկանիշներին:
ՔԿ-ն նշել է, որ ընտրությունների ընթացքում կատարված ընտրախախտումների վերաբերյալ սոցիալական ցանցերի հրապարակումների ուսումնասիրության հիման վրա նախաձեռնված քրեական վարույթները վերաբերում են հետևյալ դեպքերին՝
-Թիվ 31/02 ընտատեղամասում ընտրողը քվեախցիկում իրականացրել է լուսանկարահանում:
-Թիվ 31/70 և 31/17 ընտատեղամասերում արձանագրվել է բաց քվեարկության փորձի 2 դեպք:
-Շուրջօրյա խնամքի կենտրոնի շահառուներին ուղղորդել են քվեարկել թեկնածուներից մեկի օգտին:
-Թիվ 31/03 ընտրատեղամասում վստահված անձն ուղղորդել է ընտրողին՝ հօգուտ թեկնածուներից մեկի:
-Թիվ 31/37 ընտրատեղամասից հեռացրել են հավատարմագրված դիտորդին, երբ նա բարձրաձայնել է տեղամասում տեղի ունեցող խախտումների մասին: Հանձնաժողովի նախագահն անընդհատ առաջարկել է օգնող տրամադրել ընտրողներին: Առաջարկվող օգնությունը կրել է զանգվածային բնույթ, ինչի մասին դիտորդը բարձրաձայնել և պահանջել է արձանագրել ուղղորդման փաստը գրանցամատյանում, սակայն հանձնաժողովը դիտորդին հեռացրել է տեղամասից:
-Թիվ 31/4 ընտրատեղամասում դեռևս ինքնությունը չպարզված 2 անձի կողմից ճնշում է գործադրվել վստահված անձի նկատմամբ:
-Թիվ 31/3 ընտրատեղամաս մտած անձը հարվածել է իրեն լուսանկարահանող դիտորդի հեռախոսին:
-Թիվ 31/70 ընտրատեղամասում անհայտ քաղաքացին ստանալով իր անձը հաստատող կտրոնը՝ առանց քվեարկությանը մասնակցելու դուրս է եկել ընտրատեղամասից և իր վերաբերյալ տվյալներ պարունակող քվեարկության կտրոնը խմբային շահերից ելնելով՝ փորձել է հափշտակել:
-Նախընտրական քարոզարշավի ընթացքում լրատվական կայքերից մեկում հրապարակված՝ Ե.Մ.-ի կողմից անձի նկատմամբ ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսք տարածելու վերաբերյալ հարցազրույցի տեսաձայնագրության հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ:
Բոլոր 10 քրեական վարույթով կատարվում է նախաքննություն:
Գյումրիում և Փարաքար համայնքում մարտի 30-ին ավագանու արտահերթ ընտրություններ էին։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական տվյալներով՝ Գյումրիի ՏԻՄ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն առաջատար է, սակայն Փարաքարի ավագանու ընտրություններում պարտվում է։
ՆԳՆ-ն Գյումրու և Փարաքարի ընտրությունների վերաբերյալ նախաքննական մարմին 6 հաղորդում էր ուղարկել։ Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել էր ավագանու թեկնածուի և այլ անձանց ձերբակալության մասին։ Փաստաբան Արսեն Բաբայանը գրել էր, որ ձերբակալվածների թվում է «Մեր քաղաքը» դաշինքի ավագանու անդամության թեկնածու Անահիտ Խալաթյանը։ Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հայտնել էր, որ հինգ իրավապաշտպանների նախաձեռնությունը որոշել է ստանձնել ձերբակալված 80-ն անց տարեց կանանց պաշտպանությունը, ովքեր 15:00-ի սահմաններում ձերբակալվել էին՝ «հօգուտ ընդդիմադիր թեկնածուներից մեկի ընտրախախտում կատարելու» կասկածով։