Իրավապահները «Մեր քաղաքը» դաշինքի կողմից Գյումրիի քաղաքապետի թեկնածու առաջադրված Մարտուն Գրիգորյանի նախընտրական շտաբում և տանը քննչական գործողություններ են իրականացնում, լրագրողներին հայտնել է Գրիգորյանը։ Նա տեղեկացրել է, որ հոր և որդու նկատմամբ քրեական գործեր են հարուցվել «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ղեկավար Դանիել Իոաննիսյանի հաղորդման հիման վրա։
Իոաննիսյանը մարտի 21-ին գրել էր, որ «Անկախ դիտորդը» գլխավոր դատախազին հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել «Գրիգորյանի կողմից կամ նրա անունից ընտրողներին անվճար ծառայություններ մատուցելու վերաբերյալ»։ Ըստ Իոաննիսյանի՝ Գրիգորյանը Գյումրիի ընտրողների համար «իրականացրել է ճանապարհների անվճար խճապատում («շիբենապատում»)՝ զուգորդելով նախընտրական քարոզչությամբ»։
Գրիգորյանը թե՛ հաղորդումը, թե՛ այսօրվա գործողությունները կապել է նախընտրական փուլի հետ, որի ավարտին 3 օր է մնացել։
«Սա կոնկրետ կապված է ընտրությունների հետ։ «Շիբինի գործով» ինչ-որ նոր գործեր են հարուցում հորս և տղայիս վրա։ Այս պահի դրությամբ՝ դեռ չենք ծանուցվել, ուզում են տեղափոխել Հակակոռուպցիոն կոմիտե։ Որպես ԱԺ պատգամավոր՝ մշտապես եմ շիբենապատում նախաձեռնել, բայց այսօր այն որպես ընտրակաշառք են փորձում ներկայացնել»,- ասել է Գրիգորյանը։
Վերջինս նշել է, որ որևէ ճնշման չի ենթարկվելու և որևէ խնդիր չի տեսնում։
Հունվարի 20-ին հաստատվել էր Գյումրիում արտահերթ ընտրությունների նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցը։
Փետրվարի 11-ին ռեժիսոր և պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը հայտարարել էր Գյումրու քաղաքապետի ընտրություններում առաջադրվելու իր որոշման մասին։ Փետրվարի 12-ին «Պատիվ ունեմ» խմբակցության անկուսակցական պատգամավոր Գրիգորյանն իր թեկնածությունն էր առաջադրել Գյումրու քաղաքապետի պաշտոնում։ «Մայր Հայաստանի» առաջադրած թեկնածուն Կարեն Սիմոնյանն է։ Գյումրիի քաղաքապետի պաշտոնում առաջադրվել է նաև նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը։
Մարտի 27-ին իրավապահները խուզարկություններ էին սկսել «Մայր Հայաստան» դաշինքի Գյումրիի գրասենյակում, խուզարկել շտաբի պետ Արա Ոսկանյանի և համակիրների բնակարանները, Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթներ էին նախաձեռնվել։