Մարտի 31-ին ՆԳՆ-ն կընտրի նոր ձևաչափի կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի (ID) մատակարարին, խորհրդարանում հայտարարել է ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը։
Նրա խոսքով՝ ի սկզբանե մրցույթին հայտ է ներկայացրել երեք ընկերություն՝ մեկ ֆրանսիական և երկու գերմանական։ Երկու ընկերություն հաղթահարել է առաջին փուլը, այսինքն՝ նվազագույն միավորներ են ստացել, ֆիքսվել է տեխնիկական պահանջներին համապատասխանություն։
«Մշակել ենք այնպիսի փաստաթուղթ, որը բավարարում է միջազգային ստանդարտներին և հնարավորություն է տալու մի կողմից մեր քաղաքացիներին հանրային տարբեր ծառայություններից օգտվել շատ ավելի արդյունավետ եղանակով, մեր մյուս քաղաքացիներին արժանապատիվ ճանապարհորդելու հնարավորություն տալու է»,- նշել է Սարգսյանը։
Հաղթող ընկերությունը մեկ տարվա ընթացքում պետք է ապահովի կենսաչափական փաստաթղթերի ենթակառուցվածքը, պարզաբանել է Սարգսյանը՝ հավելելով, որ նոր ձևաչափով փաստաթղթերի տրամադրումը կսկսվի 2026 թվականի մարտից հետո։
2022 թվականի դեկտեմբերին իշխանությունները հայտարարել էին, որ կենսաչափական անձնագրերի տրամադրումը ժամանակավորապես կդադարեցվի, մինչև ժամանակակից տեխնոլոգիաներին և անվտանգությանը համապատասխանող անձնագրերի համակարգի ստեղծումը։ 2023 թվականի դեկտեմբերին կառավարությունը հաստատել էր մասնավոր ընկերությանը նման անձնագրերի նոր համակարգ ստեղծելու լիազորություն տալու մասին որոշումը։