«Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր Հայկ Սարգսյանը դիմել է վարչապետին՝ պետական պահպանություն ստանալու համար, հայտնել է «Հրապարակ» թերթը։
Օրենքով պետպահպանություն տրամադրվում է ՀՀ նախագահին, վարչապետին, ԱԺ նախագահին, իսկ այլ պաշտոնյաների, հասարակական, քաղաքական, կրոնական գործիչների» այն կարող է տրամադրվել վարչապետի որոշմամբ՝ դիմողի անվտանգության հիմնավորմամբ, նշել է թերթը։
Սարգսյանը թերթին չի հայտնել պետական պահպանություն՝ ավտոմեքենա, ուղեկցողներ խնդրելու նպատակը՝ ասելով, որ չի ուզում մեկնաբանել։
Թերթը հիշեցրել է, որ պատգամավորը վերջին շրջանում ելույթներ է ունենում քրեական ենթամշակույթի ներկայացուցիչների մասին և օրինագծեր է բերում առցանց խաղերի բիզնեսի դեմ։
ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստում Սարգսյանը զեկուցել էր, որ վարչապետի գլխավորած քննարկումներից հետո որոշում է կայացվել շրջանառության հարկի փոխարեն կիրառել տուրք, իսկ խաղադրույքի իրավունքի գործող տուրքը նախատեսվում է կրկնապատկել։ Վարչապետը մարտի 5-ին ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարել էր, որ «քաղաքական պայմանավորվածություն» է ձեռք բերվել, ըստ որի ապրիլի 1-ից կգործի դրույքաչափի կրկնակի տուրք, որն անընդհատ կբարձրացվի մինչև խաղային օպերատորի գործարկումը։
Կառավարությունը հունվարի 11-ի նիստում հավանություն էր տվել «Շահումով խաղերի գործունեության կարգավորման մասին» օրենքում փոփոխությունների նախագծին, որով ենթադրվում է, որ Հայաստանի իշխանությունները վերահսկողություն են սահմանելու մոլախաղերի ոլորտում։