Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ քննարկել է Հայաստան-ԱՄՆ հարաբերությունների և Բաքվի հետ բանակցությունների հարցը, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ կողմերը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության և տարածաշրջանային օրակարգին վերաբերող հարցեր։
«Վարչապետը պետքարտուղարին է ներկայացրել այն բանակցային գործընթացները, որոնց արդյունքում հնարավոր դարձավ «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի նախագծի համաձայնեցումը»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Վարչապետն ընդգծել է, որ համաձայնագրի նախագիծն սպասում է ստորագրման։ Կողմերը նաև պայմանավորվել են շարունակել Հայաստան-ԱՄՆ բարձր մակարդակի շփումները։
Մարտի 13-ին Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել էր Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ բանակցությունների ավարտի մասին՝ հայկական կողմի վերջին երկու կետերի վերաբերյալ Բաքվի առաջարկներն ընդունելուց հետո։ Հայաստանի ԱԳՆ-ն հաստատել էր լուրը և հայտարարել, որ Երևանը պատրաստ է Բաքվի հետ քննարկել համաձայնագրի ստորագրման ժամկետները և վայրը։
Փաշինյանը մանրամասնել էր Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի երկու կետերի բովանդակությունը և հաստատել, որ հարցերը վերաբերում էին հայ-ադրբեջանական սահմանին երրորդ երկրների ներկայացուցիչների բացակայության դրույթին, ինչպես նաև միջազգային դատարաններում հայցերը հետ կանչելու խնդրին։
Մարտի 13-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ Բաքվի վստահության մակարդակը Հայաստանի նկատմամբ «մոտ է զրոյին»։ Նա նաև կրկնել էր Ադրբեջանի պահանջները Հայաստանի սահմանադրության մեջ փոփոխություններ մտցնելու և ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման վերաբերյալ։
Մարտի 16-ից Ադրբեջանն սկսել էր պարբերաբար հաղորդել հայկական կողմից իբր արձակված կրակոցների մասին։ ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքել էր այս բոլոր լուրերը։