Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը կասկած է հայտնել, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կկարողանա կայունացնել Հայաստանի արտաքին քաղաքականությունը և բարելավվել Ռուսաստանի հետ հարաբերությունները, ասել է նա Абзац հրատարակությանը։
«Հայաստանի պաշտոնական իշխանությունն այժմ հուսահատորեն մանևրում է, քանի որ արևմուտքի աջակցության վրա խաղադրույքը դատարկ է։ Այս իրավիճակում Փաշինյանը ստիպված է ելք գտնել»,- նշել է պատգամավորը։
Զատուլինը նման մանրևի օրինակ է համարել Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակին Փաշինյանի՝ Մոսկվա ժամանելու մտադրությունը։ Ըստ նրա՝ Փաշինյանի օրոք ռուս-հայկական հարաբերությունները դժվար թե զգալիորեն բարելավվեն և վստահելի դառնան, քանի որ նա «ատում է այն ամենն, ինչը կապում է Հայաստանը Ռուսաստանի հետ»։
Փաշինյանը «ռեֆորմատոր» է, որը կոչված է Հայաստանի համար բացել նոր հորիզոններ, որոնք այսօր վերածվել են շատ նեղ միջանցքի, և նա մանևրում է դրանում։
«Ես չեմ ցավում Փաշինյանի համար, ցավում եմ Հայաստանի և հայ ժողովրդի համար»,- հավելել է ռուս պատգամավորը։
Մարտի 20-ին մամուլում լուրեր էին տարածվել, որ Փաշինյանը պետական բոլոր գերատեսչություններին հրահանգել է ՌԴ-ի հետ միջգերատեսչական հորիզոնական կապերն ու շփումները վերականգնել ու մասնակցել բոլոր միջոցառումներին, հանդիպումներին։ Մարտի 21-ին ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով այս լուրերը, հայտարարել էր, որ Մոսկվան մտադիր է հետագայում էլ զարգացնել երկկողմ հարաբերությունները Երևանի հետ։
2022 թվականի հոկտեմբերից Զատուլինի մուտքը Հայաստան արգելված է։