ՀՀ կառավարությունը հավատարիմ է խաղաղության օրակարգի հետևողական իրագործմանը, հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Իրանի արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի հետ հանդիպմանը, հայտնել է վարչապետի աշխատակազմը։
Ըստ հաղորդագրության՝ Իրանի ԱԳ նախարարն, իր հերթին, աջակցություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրմանը՝ հավելելով, որ այն կնպաստի տարածաշրջանում կայունության ապահովմանը:
Նրանք անդրադարձել են Հայաստանի և Իրանի միջև տնտեսության, այդ թվում՝ ենթակառուցվածքների և էներգետիկայի ոլորտներում նոր նախագծերի իրականացմանը: Կարևորվել է երկկողմ բարձր մակարդակի փոխայցելությունների կազմակերպումը, ասված է հաղորդագրության մեջ։
Փաշինյանն ընդգծել է երկու երկրների միջև համագործակցությունը զարգացումը և դրա կարևոր նախապայմաններից մեկն անվանել կողմերի՝ փոխադարձ վստահության հասնելը։
Իրանի ԱԳ նախարարը նշել է, որ Հայաստանի ու Իրանի հարաբերությունները խարսխված են պատմական տնտեսական և մշակութային հարաբերությունների վրա: Երկու երկրների միջև հարաբերություններն ունեն ռազմավարական նշանակություն և տեղի ունեցող զարգացումներն է՛լ ավելի են ընդգծում երկկողմ փոխգործակցության կարևորությունը, շեշտել է նա։
Մարտի 13-ին Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել էր Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ բանակցությունների ավարտի մասին, հայկական կողմի վերջին երկու կետերի վերաբերյալ Բաքվի առաջարկները ընդունելուց հետո։ Հայաստանի ԱԳՆ-ն հաստատել էր լուրը և հայտարարել, որ Երևանը պատրաստ է Բաքվի հետ քննարկել համաձայնագրի ստորագրման ժամկետները և վայրը։
Փաշինյանը մանրամասնել էր Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի երկու կետերի բովանդակությունը և հաստատել, որ հարցերը վերաբերում էին հայ-ադրբեջանական սահմանին երրորդ երկրների ներկայացուցիչների բացակայության դրույթին, ինչպես նաև միջազգային դատարաններում հայցերը հետ կանչելու խնդրին։
Մարտի 13-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ Բաքվի վստահության մակարդակը Հայաստանի նկատմամբ «մոտ է զրոյին»։