ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Միացյալ Թագավորության արտաքին, համագործակցության և զարգացման հարցերով պետքարտուղար Դեյվիդ Լամմիի հետ քննարկել է տարածաշրջանային հարցեր, հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։
«Հայաստանի և Ադրբեջանի սահմանին զինադադարի խախտումների վերաբերյալ Ադրբեջանից հնչող կեղծ մեղադրանքների առնչությամբ Միրզոյանը վկայակոչել է ՀՀ կողմից ներկայացված՝ հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության համատեղ մեխանիզմ ստեղծելու առաջարկը, որի վերաբերյալ չի ստացվել ադրբեջանական կողմի դրական արձագանքը»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Կողմերն անդրադարձել են նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը։
«Միրզոյանն ընդգծել է երկու երկրների միջև խաղաղության ու միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի վերջնականացման ուղղությամբ գործադրված ջանքերը և համաձայնեցված տեքստով ստորագրման՝ ՀՀ առաջարկը»,- նշել են ԱԳՆ-ից։
Միրզոյանը և ՄԹ պետքարտուղարը մտքեր են փոխանակել նաև միջազգային հարթակներում փոխգործակցության հարցերի շուրջ։ ՀՀ ԱԳ նախարարը ներկայացրել է COP17 համաժողովը Հայաստանում անցկացնելու ուղղությամբ իրականացվող նախապատրաստական աշխատանքներն՝ ընդգծելով այս ուղղությամբ ՄԹ հետ սերտ համագործակցության կարևորությունը։
Մարտի 13-ին Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել էր Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ բանակցությունների ավարտի մասին՝ հայկական կողմի վերջին երկու կետերի վերաբերյալ Բաքվի առաջարկներն ընդունելուց հետո։ Հայաստանի ԱԳՆ-ն հաստատել էր լուրը և հայտարարել, որ Երևանը պատրաստ է Բաքվի հետ քննարկել համաձայնագրի ստորագրման ժամկետները և վայրը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մանրամասնել էր Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի երկու կետերի բովանդակությունը և հաստատել, որ հարցերը վերաբերում էին հայ-ադրբեջանական սահմանին երրորդ երկրների ներկայացուցիչների բացակայության դրույթին, ինչպես նաև միջազգային դատարաններում հայցերը հետ կանչելու խնդրին։
Մարտի 13-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ Բաքվի վստահության մակարդակը Հայաստանի նկատմամբ «մոտ է զրոյին»։ Նա նաև կրկնել էր Ադրբեջանի պահանջները Հայաստանի սահմանադրության մեջ փոփոխություններ մտցնելու և ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման վերաբերյալ։
Միաժամանակ, մարտի 16-ից Ադրբեջանը սկսել էր պարբերաբար հաղորդել հայկական կողմից իբր արձակված կրակոցների մասին։ ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքել էր այս բոլոր լուրերը։