Եթե ՀՀ քաղաքացիները մինչև հայտարարագրման վերջին օրը (նոյեմբերի 1-ը – խմբ․) չհասցնեն նույնականացման քարտ ստանալ, հետևանքներ չեն լինի, կառավարության նիստի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Եթե լինի դեպք, որ սահմանված ժամկետում մարդը չհասցնի համընդհանուր հայտարարագիր լրացնել նույնականացման քարտի պատճառով, իր համար ոչ մի նեգատիվ հետևանք չի ծագի»,- ասել է նա։
Ըստ վարչապետի՝ որոշակի համոզմունք կա, որ կկարողանան ապահովել քաղաքացիների հոսքը նույնականացման քարտեր ստանալու համար։
Փաշինյանը ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանի ուշադրությունը հրավիրել է հայտարարագրման համակարգի շարունակական բարելավման անհրաժեշտության վրա՝ հաշվի առնելով հայտարարագրում կատարած քաղաքացիների կարծիքները։
Ֆինանսների նախարարությունից Armenia Today-ին հայտնեցին, որ ներքին քննարկումներում չի դիտարկում հայտարարագրերի վերջնաժամկետը փոխելու հարցը։ Այս մասին հայտնեց նախարարության մամուլի խոսնակ Ինգա Գալուստյանը և ընդգծեց, որ որոշումը վերջնական է։
ՊԵԿ մամուլի խոսնակ Լուսինե Մկրտչյանն Armenia Today-ին հայտնեց, որ հայտարարագրումների թիվը բարձրացնելու համար կոմիտեն կատարում է իրազեկման ծավալուն աշխատանքներ։
Հայաստանում 2023 թվականին ներդրվել էր եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգ։ 2025 թվականին 2024 թվականի հաշվետու տարվա համար եկամուտների հայտարարագիր պետք է ներկայացնեն այն նոր խմբերը, որոնք 2024 թվականի ընթացքում համարվել են վարձու աշխատող, ինչպես նաև 2024-ի ընթացքում քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակում ստացել են հարկվող եկամուտ։
2024 թվականի համար ֆիզիկական անձինք եկամուտների հայտարարագիր պետք է ներկայացնեն էլեկտրոնային եղանակով։ Նախքան հայտարարագիր ներկայացնելը, առաջին հերթին, պարտադիր է իրականացնել անձի նույնականացում և ձեռք բերել էլեկտրոնային ստորագրություն: Անձի նույնականացման համար անհրաժեշտ է ունենալ նույնականացման ID քարտ։
Մարտի 19-ին ՊԵԿ նախագահը հայտարարել էր, որ 750 հազար գրանցված աշխատողից հայտարարագիր այս պահին ներկայացրել է միայն 12 հազարը։