ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մարտի 20-ին հրամանագիր կստորագրի երկրի Կրթության նախարարությունը փակելու մասին, փոխանցում է The Wall Street Journal-ը (WSJ):
Հրամանագիրը Կրթության նախարար Լինդա Մաքմահոնին կպարտավորեցնի «ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները»՝ դեպարտամենտի փակմանը նպաստելու և կրթության լիազորությունները նահանգներին վերադարձնելու համար: Թրամփը բազմիցս կոչ է արել փակել Կրթության նախարարությունը։ 2024 թվականի դեկտեմբերին՝ դեռ իր նախընտրական քարոզարշավի ժամանակ, նա խոստացել էր վերացնել գերատեսչությունը՝ հիմնավորելով, որ դեպարտամենտի գործունեությունն ավելորդ է, և ավելորդ բյուրոկրատիա է ստեղծում։ Գերատեսչության գործառույթները, ըստ Թրամփի, կարող են կատարել նահանգների մակարդակով գերատեսչությունները։
WSJ-ն նշում է, որ դեպարտամենտը փակելու կամ դրա գործառույթներն այլ կազմակերպություններին փոխանցելու փորձերը, առանց Կոնգրեսի հաստատման, կարող են Թրամփի վարչակազմի համար իրավական խնդիրներ առաջացնել:
Կրթության ազգային ասոցիացիայի նախագահ Բեքի Պրինգլի խոսքով՝ Թրամփի հրամանագիրը կարող է «վնաս հասցնել բոլոր ուսանողներին՝ մեծացնելով դասարանների չափերը, կրճատելով մասնագիտական վերապատրաստման ծրագրերը, բարձրագույն կրթությունը դարձնելով ավելի թանկ և անհասանելի»:
Գերատեսչության փակման մասին կարգադրությունը պատրաստվել է Թրամփի երդմնակալության պահից։ Մարտի սկզբին WSJ-ն հայտնել էր ԱՄՆ նախագահի պատրաստվող հրամանագրի մասին, որը Կրթության նախարարության ղեկավարին հանձնարարում է «ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը՝ օրենքի համաձայն նախարարության փակմանն աջակցելու համար»: Սակայն մարտի 6-ին, ինչպես սպասվում էր, նախարարության լուծարման մասին հրամանագիր չէր ստորագրվել։
Ավելի ուշ CNN-ը, վկայակոչելով նախարարության բարձրաստիճան պաշտոնյաներին, հայտնել էր մարտի 11-ից սկսած 90 օրվա ընթացքում հաստիքների գրեթե 50 տոկոսով կրճատման մասին: Նման որոշում էր կայացվել գերատեսչությունը փակելու սպառնալիքի կապակցությամբ, որտեղ աշխատում է շուրջ 4,4 հազար աշխատակից: