ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Քաղաքացիական պայմանագրի» ներկայացուցիչներին ասել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հավակնում է Տիգրանաշենի և Տավուշի երեք տարածքներին, այդ թվում՝ Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի մի հատվածին, գրել է «Հրապարակ» թերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Թերթի տեղեկություններով՝ ԵԿՄ նախագահ, ՔՊ վարչության անդամ Սասուն Միքայելյանը Փաշինյանին հարցրել է Տիգրանաշենն Արծվաշենով փոխարինելու հնարավորության մասին, քանի որ, ըստ նրա, «Տիգրանաշենի գրավմամբ Սյունիքն ու Վայոց ձորը կկտրվեն Հայաստանից»։
Ըստ թերթի՝ Փաշինյանը վրդովված է արձագանքել։ «Ինձ մղում եք հանցագործությա՞ն, ինչպե՞ս կարող եմ Հայաստանին պատկանող տարածքի վերաբերյալ միանձնյա որոշում կայացնել և Արծվաշենն իմ ստորագրությամբ թողնել Ադրբեջանի կազմում»,- վարչապետի խոսքերն է մեջբերել թերթը։
Մարտի 13-ին Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել էր, որ Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ բանակցությունների գործընթացն ավարտվել է։ Նրա խոսքով՝ հայկական կողմն ընդունել է վերջին երկու կետերը, որոնք բաց էին։ Հայաստանի ԱԳՆ-ն հաստատել էր նախագծի հաստատման ավարտը և հայտարարել, որ Երևանը պատրաստ է Բաքվի հետ խորհրդակցություններ սկսել համաձայնագրի ստորագրման ժամկետների և վայրի շուրջ։