Թուրք լրագրող Բարչըն Յինանչը, Հայաստանում պաշտոնատար անձանց հետ ունեցած հանդիպումներում ստացած տեղեկատվությունը վերլուծելիս, խոսել է Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականության մասին, գրում է Regionmonitor-ը։
Նա նշել է, որ իր ընկալմամբ՝ Հայաստանում մտահոգություն կա, որ Ադրբեջանը ռազմական ճանապարհով կարող է փորձել վերցնել «միջանցքը», որը Հայաստանի տարածքով է անցնում։ Լրագրողն այդ մտահոգությամբ է բացատրել Հայաստանի պաշտպանական քաղաքականությունը։
«Հայաստանը զենք է ձեռք բերում Ֆրանսիայից, Հնդկաստանից, իսկ Ադրբեջանն ասում է՝ չեղարկի՛ր այդ զենքի գնման պայմանագրերը՝ պատճառաբանելով, որ եթե զենք ես գնում, խաղաղություն չես ցանկանում և տարածաշրջանի համար սպառնալիք ես ներկայացնում»,- ասել է վերլուծաբանը
Նրա խոսքով՝ Ադրբեջանն Իսրայելից գնում է թե՛ զենք, թե՛ հետախուզական տվյալներ։
«Որևէ մեկն Ադրբեջանին չի ասում՝ ինչո՞ւ ես Իսրայելից, Թուրքիայից զենք գնում։ Բաքուն աջակցում է Իսրայելի պաշտպանական արդյունաբերությանը, մի երկրի, որը 50 հազար պաղեստինցու կյանք է խլել։ Թուրքիայում միայն մի փոքր խումբ կարողացավ բողոքել Իսրայելին Ադրբեջանի աջակցության համար։ Նրանք էլ ոստիկանական ուժով ձերբակալվեցին»,- հավելել է Յինանչը։
Մարտի 13-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը թուրքական լրատվամիջոցներին տված հարցազրույցում նշել էր, որ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորումը ժամանակի հարց է։ Նույն օրը Թուրքիայի նախագահի խորհրդական Աքիֆ Չաղաթայ Քըլըչը հայտարարել էր, որ Երևանն ու Անկարան չեն քննարկում փոխադարձաբար դիվանագիտական ներկայացուցչություններ բացելու հարցը։
Մարտի 17-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կուսակցության ներկայացուցիչ Օմեր Չելիքը ՀՀ-ի հետ հարաբերությունների արագ կարգավորման պայման էր առաջ քաշել։