Բյուրական համայնքի նախկին ղեկավարը կատարել է առանձնապես խոշոր չափերով հափշտակություն, հայտնում են Հակակոռուպցիոն կոմիտեից:
Մասնավորապես, նա մեղադրվում է ավելի քան 5 մլն դրամ արժողությամբ 2 հողամասի հափշտակության ու փաստաթղթեր կեղծելու համար։
Հաղորդագրության մեջ նշվում է, որ համայնքի ղեկավարը քաղաքացի Հ. Հ.-ին պատկանող 0,15 հա հողամասը խաբեությամբ իր սեփականությունը դարձնելու դիտավորությամբ հանդես է եկել որպես համայնքի բնակիչ, իսկ իր փոխարեն, որպես համայնքի ղեկավար, ներկայացել է տեղակալը:
«Վերջինս չունենալով համայնքի ղեկավարի լիազորություններ, կազմել և համայնքի ղեկավարին է տրամադրել պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող կեղծ քաղվածք՝ նշված հողամասը 2014թ. հոկտեմբերի 29-ին իբր համայնքի ղեկավարին հատկացված լինելու մասին, ինչպես նաև, անցնելով իր պաշտոնեական լիազորությունները, համայնքի ղեկավարի փոխարեն նույն ամսաթվով կայացրել է տվյալ հողամասի նկատմամբ վերջինիս սեփականության իրավունքը ճանաչելու մասին ապօրինի որոշում»,- տեղեկացնում են կոմիտեից։
Նախաքննությամբ հիմնավորվել է, որ համայնքի ղեկավարը վերը նշված՝ կեղծ փաստաթուղթ հանդիսացող քաղվածքները մյուս անհրաժեշտ փաստաթղթերի հետ 2014 թվականի նոյեմբերին ներկայացրել է կառավարությանն առընթեր Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե, որտեղից տրված համապատասխան վկայականով գրանցել է իր սեփականության իրավունքը վերը նշված 2 հողամասերի նկատմամբ:
Բյուրական համայնքի նախկին ղեկավարին մեղադրանք է ներկայացվել 2003թ. ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (խարդախություն) և 325-րդ հոդվածի 1-ին մասով ( փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը), իսկ վերջինիս տեղակալին՝ նույն Քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական լիազորություններն անցնելը) և ՀՀ քրեական օրենսգրքի 445-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիքը):
Բյուրական համայնքի նախկին ղեկավարի ու վերջինիս տեղակալի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է, վարույթի նյութերը դատարանում են, հավելել է Հակակոռուպցիոն կոմիտեն։