Իրավապահ համակարգում բուռն քննարկումներ են ընթանում, թե ո՞վ կամ ովքե՞ր են լինելու հաջորդ պատգամավորները, որոնց հետևից Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը կգնա Ազգային ժողով ու կզրկի անձեռնմխելիությունից, գրում է «Ժողովուրդ» թերթը՝ վկայակոչելով իր աղբյուրները։
Թերթի տեղեկություններով՝ բացի ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանից և «Պատիվ ունեմ» խմբակցության ներկայացուցիչ Տարոն Մարգարյանից, կան նաև այլ օրենսդիրներ, ովքեր գտնվում են ուժայինների ատրճանակի տակ։ Խոսքը «Հայաստան» խմբակցության երկու պատգամավորի մասին է, պարզաբանել է լրատվականը՝ չհրապարակելով նրանց անունները։
Հունվարի 11-ին «Ժողովուրդ»-ը գրել էր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2026 թվականի ընտրություններին ընդառաջ՝ հրամայել է ձերբակալել իր ընդդիմախոսներին։ Ըստ թերթի՝ վարչապետը հանձնարարական է տվել առաջիկայում գտնել, իսկ անհրաժեշտության դեպքում «ստեղծել» հիմքեր՝ գործեր հարուցելու և բոլոր նրանց ձերբակալելու, ովքեր փորձում են քննադատել իշխանություններին։
Մարտի 12-ին Վարդապետյանը դիմել էր Հայաստանի խորհրդարան՝ Աղազարյանին, ինչպես նաև Մարգարյանին անձեռնմխելիությունից զրկելու խնդրանքով։ Տեղեկությունն Armenia Today-ին հաստատել էր Դատախազության մամուլի ծառայությունը։
Աղազարյանի և Մարգարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրանց անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ Ազգային ժողովի համաձայնության մասին որոշման նախագծերը հրապարակվել էին ԱԺ-ի պաշտոնական կայքում, սակայն հաջորդ նստաշրջանի օրակարգ չէին ընդգրկվել։ Երկու պատգամավորի գործն էլ վերաբերում է կոռուպցիոն գործարքներին։