Խաղաղության պայմանագրի համաձայնեցված տեքսում չկա որևէ դրույթ միջանցքի մասին, ԱԺ-ում հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
Ըստ նրա՝ ընդհանրապես ապաշրջափակման մասին որևէ ձևակերպում համաձայնագրում չկա, սակայն կա համաձայնություն համագործակցել տարբեր ոլորտներում, այդ թվում՝ նաև տրանզիտ տնտեսական հարցերում։
«Ինչպես նախկինում, այժմ էլ, վաղն էլ մեզ համար անբեկանելի ընկալում և պայման է, որ բոլոր ենթակառուցվածքները, որոնք ապաշրջափակվելու են, մնալու են և գործելու են այն երկրների ինքնիշխանության ներքո, որոնց տարածքում գտնվում են»,- նշել է նա։
Ըստ նախարարի՝ ՀՀ բոլոր երկաթուղիները, ճանապարհները, ենթակառուցվածքները մնալու են ՀՀ ինքնիշխանության ներքո։
«Մենք համոզված ենք, որ որևէ երրորդ ուժերի կողմից այդ ենթակառուցվածքների վերահսկման կարիք չկա։ Բեռների անվտանգության համար կարող են գործել այլ, քաղաքակիրթ աշխարհին հայտնի տարբեր մեխանիզմներ»,- պարզաբանել է Միրզոյանը։
Ըստ նրա՝ համաձայնեցված տեքստում չկա նաև որևէ դրույթ այն մասին, որ մինչև Խորհրդային միրության փլուզումը երկու երկրների տարաքներում բնակեցված և հետո բնակավայրը լքած մարդիկ պետք է վերադառնան իրենց տները։ Սահմանադրության մասին նույնպես համաձայնագրում չի հիշատակվում, ասել է նախարարը։
«Համաձայնագրում որևէ միակողմանի համաձայնություն չկա, չկա նաև սահմանադրությունների մասին կարգավորում։ Հայտնի է, որ մենք էլ ունենա մեր մտահոգությունները Ադրբեջանի սահմանադրության մասին։ Հայտնի է, որ մենք այնտեղ տեսնում ենք որոշակի նկրտումներ ՀՀ տարածքային ամբողջականության դեմ»,- շեշտել է նա։
Մարտի 13-ին Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել էր, որ Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ բանակցությունների գործընթացն արդեն ավարտված է։ Նրա խոսքով՝ հայկական կողմը հայտնել է, որ ընդունել է վերջին երկու կետերը, որոնք մինչ այժմ բաց էին։ Հայաստանի ԱԳՆ-ն հաստատել էր նախագծի հաստատման ավարտը և հայտարարել, որ Երևանը պատրաստ է Բաքվի հետ սկսել խորհրդակցություններ համաձայնագրի ստորագրման ժամկետների և վայրի շուրջ։