Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի շուրջ համաձայնությունը հնարավոր դարձրեցին Հայաստանի կողմից «համարձակ զիջումները», X-ի իր էջում գրել է Գերմանիայի ԱԳ նախարար Աննալենա Բերբոքը։
«Երկար բանակցություններից հետո Հայաստանը գնում է համարձակ զիջումների՝ հնարավոր դարձնելով այս վերջին քայլն այն ճանապարհին, որով մենք ուղեկցել ենք երկու երկրներին։ Կոչ եմ անում երկու կողմերին հիմա ստորագրել խաղաղության պայմանագիրը»,- նշել է նա։
Բերբոքը շեշտել է, որ նման համաձայնության ձեռքբերումը հուսադրող է և մեծ նշանակություն ունի տարածաշրջանի համար և նրա սահմաններից դուրս:
«Այն փաստը, որ տասնամյակների թշնամությունից և պատերազմից հետո կայուն խաղաղությունն այժմ կարող է իրականություն դառնալ, կարևոր է»,- գրել է նա։
Մարտի 13-ին Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել էր, որ Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ բանակցությունների գործընթացն արդեն ավարտված է։ Նրա խոսքով՝ հայկական կողմը հայտնել է, որ ընդունել է վերջին երկու կետերը, որոնք մինչ այժմ բաց էին։ Հայաստանի ԱԳՆ-ն հաստատել էր նախագծի հաստատման ավարտը և հայտարարել, որ Երևանը պատրաստ է Բաքվի հետ սկսել խորհրդակցություններ համաձայնագրի ստորագրման ժամկետների և վայրի շուրջ։