Երևանի իշխանությունները HIGER ավտոբուսների վարորդների ազատման դիմումները հետ վերցնել հորդորելու հարցում ներգրավել են «թաղային հեղինակություններին», հայտնել է «Հրապարակը»՝ հղում անելով քաղաքապետարանում իր աղբյուրներին։
«Դա է պատճառը, որ աշխատավարձից և աշխատանքային պայմաններից դժգոհող վարորդներն այժմ լուռումունջ աշխատում են, թեպետ նրանց ներկայացրած պահանջ-կետերը չեն կատարվել»,- գրել է թերթը։
Վարորդների գործից ազատվելու մտադրության մասին մարտի 12-ին հայտնել էր «Մայր Հայաստան» խմբակցության ավագանու անդամ Մանուկ Սուքիասյանը ։
2024 թվականի մարտի 12-ին Երևանի ավագանին ընդունել էր տոմսերի միասնական համակարգ ներդնելու նախագիծը, որն սկսել էր գործել 2025 թվականի հունվարի 1-ից և նախատեսում էր տրանսպորտի թանկացում։
2024 թվականի դեկտեմբերի 20-ին քաղաքապետարանը հետաձգել էր համակարգի ներդրումը մինչև փետրվարի 1-ը։ Հունվարի 19-ին Երևանի նախկին քաղաքապետ, «Նոր ուժ» կուսակցության նախագահ Հայկ Մարությանը և «Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանը երևանցիներին կոչ էին արել բոյկոտել փետրվարի 1-ից մայրաքաղաքում տրանսպորտի սակագինը բարձրացնելու իշխանությունների ծրագրերը և ստորագրահավաքներ նախաձեռնել տրանսպորտի ուղեվարձի թանկացման դեմ։ Մարությանի թիմը հայտնել էր 76 հազար ստորագրություն հավաքելու մասին և կոչ արել փետրվարի 1-ից, ի նշան բողոքի, հասարակական տրանսպորտից օգտվելու դեպքում վճարել 100 դրամ։
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հունվարի 28-ին հայտարարել էր, որ քաղաքապետարանը որոշել է փետրվարի 1-ից հասարակական տրանսպորտով մեկ ուղևորության համար նոր սակագին սահմանել՝ 150 դրամ։ Ի պատասխան՝ Մարությանը կոչ էր արել փետրվարի 1-ից չչեղարկել բոյկոտը։ Թևանյանը տրանսպորտի գնի վերաբերյալ իշխանության քաղաքականությունը «թուրքական բազար» էր որակել և կոչ արել շարունակել ճնշումը։
«Ժողովուրդ» թերթը, հղում անելով աղբյուրներին, փետրվարի 19-ին գրել էր, որ քաղաքային իշխանությունները նոր նախագիծ են մշակել, որով կտուգանեն տրանսպորտի համար սահմանված նոր արժեքը չվճարող երևանցիներին։