Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ բանակցությունների գործընթացն արդեն ավարտված է, հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։
Նրա խոսքով՝ հայկական կողմը հայտնել է, որ ընդունել է վերջին երկու կետերը, որոնք բաց են մնում։
«Տեքստի վրա աշխատանքն ավարտված է։ Հաջորդ փուլում Հայաստանի սահմանադրությունից պետք է վերացվեն տարածքային պահանջներն Ադրբեջանի նկատմամբ։ Բացի այդ, Մինսկի խումբը և նրա մնացորդները պետք է վերացվեն»,- ասել է Բայրամովը։
Հունվարի վերջին Բայրամովը հայտարարել էր, որ կողմերը համաձայնության չեն եկել խաղաղության համաձայնագրի երկու հոդվածի վերաբերյալ, որոնք վերաբերում են «ադրբեջանական հողերի նկատմամբ պահանջներին», որոնք իբր ներառված են Հայաստանի սահմանադրության մեջ։
2024 թվականի սեպտեմբերի 27-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր ՀՀ սահմանադրությունը փոխելու հնարավորության մասին՝ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու համար։ Բաքուն նախկինում մի քանի անգամ հայտարարել էր, որ Հայաստանը պետք է փոխի Սահմանադրությունը։