Երևանի Արաբկիր համայնքի բնակիչներն այսօր՝ մարտի 7-ին, փակել են Նաիրի Զարյան փողոցի երթևեկելի հատվածը՝ պահանջելով դադարեցնել նույն փողոցի 11-13 շենքերի հարակից տարածքում նոր բազմահարկ շենքի շինարարական աշխատանքները։
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, մասնակցելով ակցիային, հարտարարել է, որ շինհրապարակում կատարվող հորատման աշխատանքներն սպառնալիք են շրջակա շենքների համար, դրանք կարող են բերել շենքերի փլուզման։
Փոստանջյանը նաև հայտնել է, որ Հակակոռուպցիոն կոմիտե է ուղարկել այդ շենքի կառուցման հետ կապված ռիսկերի մասին հաղորդում՝ պահանջելով ձերբակալել ոչ միայն Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին, այլև Քաղաքաշինական հատուկ ծրագրերի վարչության պետ Ալիկ Վարդազարյանին և պաշտոնատար այլ անձանց:
Նա պնդում է, որ ապօրինի շինարարությունը հանգեցրել է հասարակական կարգի և անվտանգության խախտումների, ինչի հետևանքով մարտի 5-ին Զարյանի վրա տեղի է ունեցել 14-ամյա աղջկա վրաերթ։
Ավագանու անդամը մի խումբ քաղաքացիների հետ բողոքի ակցիա է իրականացրել նաև քաղաքապետարանի շենքի մոտ, որտեղ բարձրախոսով Երևանի քաղաքապետին հարց է ուղղել, թե ինչպե՞ս է տրվել շինարարական թույլտվություն՝ պնդելով, որ այն տրվել է «նորմերի բացահայտ խախտամբ»։
Փոստանջյանը վստահություն է հայտնել, որ Քաղաքաշինության կոմիտեն դեմ է քվեարկել նախագծին:
Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը պարզաբանել է, որ Զարյան 11-13 հասցեում բազմաբնակարան շենք կառուցելու նպատակով Վահրամ Ադամյանին 2023 թվականին տրամադրվել է նախագծման թույլտվություն:
Նա նշել է, որ շինարարությունը դասվում է 4-րդ (բարձր) ռիսկայնության օբյեկտների շարքին, նախագիծն անցել է բոլոր անհրաժեշտ փորձաքննությունները, այդ թվում՝ քաղաքաշինության կոմիտեի կողմից պետական համալիր փորձաքննությունը: