Հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատումը շարունակվելու է Տավուշի հյուսիսային հատվածից, լրագրողներին հայտնել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
Նա նշել է, որ այդ հատվածում սահմանազատումը շարունակելն ընդհանուր կոնսենսուսային որոշում է։
Փոխվարչապետը հայտնել է, որ առաջիկայում Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովները կհանդիպեն, որովհետև «դեռ հարցեր կան քննարկելու»։
Փետրվարի 14-ին Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովները 12-րդ անգամ հանդիպել էին տեսակոնֆերանսի ձևաչափով։
Հանձնաժողովների 11-րդ հանդիպումը տեղի էր ունեցել հունվարի 16-ին, որի ժամանակ կողմերը համաձայնվել էին սահմանազատման աշխատանքներ սկսել հյուսիսային հատվածից՝ Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի սահմանների հատման կետից և, այնուհետև, հարավային ուղղությամբ՝ հյուսիսից հարավ մինչև Հայաստանի և Ադրբեջանի սահմանն Իրանի հետ։
Հոկտեմբերի 23-ին ԱԺ-ն առաջին ընթերցմամբ վավերացրել էր Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման կանոնակարգը։ ԱԺ ընդդիմությունը հոկտեմբերի 22-ի նիստում բոյկոտել էր սահմանազատման կանոնակարգի քննարկումն ու քվեարկությունը։