Միայն Հայաստանն ու Ադրբեջանն են համակարծիք, որ Արցախի հարցը լուծված է, ասել է Հայ Յեղափոխական Դաշնակցության Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանը՝ պատասխանելով Armenia Today-ի հարցին, թե արդյոք Սփյուռքի ջանքերը բավարա՞ր են Արցախի և Հայոց ցեղասպանության հարցն առաջ մղելու համար՝ հաշվի առնելով Հայաստանի իշխանությունների դիրքորոշումը։
«Աշխարհում կա համախոհություն, որ հարցը կարգավորման է գնում, բայց պաշտոնական Հայաստանն այլ՝ կեղծ կարծիք է շրջանառում և բարդացնում մեր աշխատանքը, քանի որ մենք պնդում ենք ճիշտ հակառակը, որ Արցախի հարցը կա, բանակցային գործընթացը պետք է վերականգնվի»,- կուսակցության 35-րդ ընդհանուր ժողովի բացման ժամանակ ընդգծել է նա։
Պատասխանելով Արցախ հայերի վերադարձի հարցում կուսակցության տեսլականի մասին հարցին՝ Տեր-Խաչատուրյանը հայտարարել է, որ արցախահայությունը պետք է համախումբ ապրի Հայաստանում, և երկրում պետք է պայմաններ ստեղծվեն, որպեսզի նրանք կարողանան ամբողջությամբ մնալ և չարտագաղթել։
Քաղաքական գործիչը վստահեցրել է, որ ՀՅԴ-ն աշխատում է արցախահայության վերադարձի հարցով և որ խորհրդակցություններ են անցկացվում ամենաբարձր մակարդակներում, օրինակ՝ Ֆրանսիայի դեպքում՝ նախագահականի, իսկ ԱՄՆ-ի դեպքում՝ նոր վարչակազմի հետ։
Մանրամասն՝ տեսանյութում։