Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Վրաստանին կոչ է արել միանալ «3+3» ձևաչափին՝ Ադրբեջան, Հայաստան, Վրաստան, Ռուսաստան, Իրան և Թուրքիա կազմով Հարավային Կովկասի տարածաշրջանի խնդիրների քննարկման համար, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Լավրովն ասել է, որ այս ձևաչափում Վրաստանի համար միշտ ազատ տեղ կա։ Նախարարը նշել է, որ այս ձևաչափի հետ կապված իրավիճակն այժմ փոխվել է ԱՄՆ-ում վարչակազմի փոփոխության պատճառով։
Նրա խոսքով՝ «3+3» ձևաչափը ձեռնտու է բոլոր մասնակիցներին, ինչը կասկածի տեղիք չէր տալիս, բայց նախանձ էր առաջացրել ԱՄՆ նախորդ վարչակազմում։
«Նրանք փորձեցին պարտադրել «3+1» ձևաչափը, որտեղ անդրկովկասյան երեք երկրները և Բայդենի թիմի ներկայացուցիչներն առաջատար դեր կխաղային»,- հավելել է Լավրովը։
«Ի սկզբանե պայմանավորվածություն կար, որ ձևաչափը կլինի «3+3», թեև մենք հասկանում ենք Վրաստանի դիրքորոշման կասկածներն ու նրբությունները, սակայն Վրաստանի ներկայացուցիչների համար միշտ տեղ կլինի նիստերի սենյակում»,- նշել է Լավրովը՝ ելույթ ունենալով Պետդումայում։
Նա հիշեցրել է, որ այս մոտեցումը հաստատվել է նախարարների վերջին հանդիպման ժամանակ։
«Եվս մեկ անգամ վրացական կողմին հասկացրել ենք, որ ձևաչափը սպասում է նրանց մասնակցությանը»,- ասել է նախարարը։
Բացի դրանից, նա զեկուցել է, որ մասնակիցների վերջին հանդիպմանը որոշում է կայացվել ձևաչափը դարձնել ավելի կառուցվածքային, ինչը կբարձրացնի դրա արդյունավետությունը։
Լավրովը պաշտպանել է «3+3»-ի շրջանակներում միջխորհրդարանական հանձնաժողով ստեղծելու պատգամավորների առաջարկը՝ նշելով, որ նախաձեռնությունն օգտակար կլինի և աջակցություն կստանա Արտաքին գործերի նախարարության կողմից։
«3+3» ձևաչափը Ռուսաստանի և Թուրքիայի կողմից առաջարկվել էր 2020 թվականին՝ Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ավարտից հետո։ Այն ներառում է հարավկովկասյան երեք երկրներ՝ Ադրբեջանը, Հայաստանը և Վրաստանը, ինչպես նաև երեք հարևան ուժեր՝ Ռուսաստանը, Իրանը և Թուրքիան։ Ձևաչափի նպատակն է խորացնել համագործակցությունը տնտեսության, տրանսպորտի, անվտանգության և այլ ոլորտներում, ինչպես նաև նվազեցնել լարվածությունը տարածաշրջանում։
Վրաստանն, ի սկզբանե, թերահավատորեն էր վերաբերվել նախաձեռնությանը։ Պաշտոնական Թբիլիսին հրաժարվել էր մասնակցել՝ պատճառաբանելով, որ Ռուսաստանի հետ նման ձևաչափով փոխգործակցությունն անընդունելի է 2008 թվականի ռուս-վրացական պատերազմի և Ռուսաստանի կողմից Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախության ճանաչման պատճառով։ Վրաստանի իշխանությունները կասկածներ էին հայտնել տարածաշրջանային հիմնական խնդիրները լուծելու ձևաչափի ունակության վերաբերյալ և նշել, որ երկկողմ հարաբերությունները մյուս մասնակից երկրների հետ ավելի արդյունավետ կզարգանան այս մեխանիզմից դուրս։