Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Գազայի բնակիչներին վերաբնակեցնելու ԱՄՆ նոր վարչակազմի ծրագրերն անընդունելի են, և Թուրքիան դա թույլ չի տա, փոխանցել է ՏԱՍՍ-ը։
«Մենք վճռականորեն շեշտել ենք, որ երբեք թույլ չենք տա Իսրայելի կողմից հրահրված ամերիկյան վարչակազմի անմարդկային, անօրինական ծրագրերի իրականացումը, որի նպատակն է Գազայի մեր եղբայրներին վտարել իրենց հայրենիքից»,- ասել է Էրդողանը խորհրդարանում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության խմբակցության նիստում ունեցած ելույթի ժամանակ։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը փետրվարի 5-ին հնարավոր էր համարել պաղեստինցիների վերաբնակեցումն այլ վայրում և հայտարարել, որ ԱՄՆ-ն վերահսկողության տակ կվերցնի պատերազմից ավերված Գազան։ Նա հունվարի 25-ին հայտարարել էր Գազայի հատվածից Եգիպտոս և Հորդանան պաղեստինցիների տեղափոխման հնարավորության մասին: Նրա խոսքով՝ խոսքը մոտ 1,5 մլն մարդու մասին է։
Եգիպտոսի, Հորդանանի, Սաուդյան Արաբիայի, Կատարի, Արաբական Միացյալ Էմիրությունների արտաքին գործերի նախարարները, ինչպես նաև Պաղեստինի ազգային վարչակազմի և արաբական պետությունների լիգայի ներկայացուցիչները մերժել են «բոլոր հանգամանքներում» իրենց տարածքներից պաղեստինցիների վերաբնակեցման հնարավորությունը: