Փետրվարի 19-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի ազգային անվտանգության ռազմավարության վերանայման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու որոշում է ստորագրել, տեղեկանում ենք ՀՀ կառավարության կայքից։
Փաշինյանի որոշմամբ՝ հանձնաժողովի նախագահը կլինի ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
Հանձնաժողովի կազմում են ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը, ԱԳ փոխնախարարը, Արդարադատության փոխնախարարը, Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարարը, Առողջապահության փոխնախարարը, ԲՏԱ փոխնախարարը, Էկոնոմիկայի փոխնախարարը, ԿԳՄՍ փոխնախարարը, ՆԳ փոխնախարարը, Շրջակա միջավայրի փոխնախարարը, Պաշտպանության փոխնախարարը, ՏԿԵ փոխնախարարը, Ֆինանսների փոխնախարարը, ՊԵԿ փոխնախագահը, ԱԱԾ տնօրենի տեղակալը, ՀՀ ԶՈւ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը, ՀՀ արտաքին հետախուզության ծառայության պետի տեղակալը, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակի ղեկավար Էդգար Մկրտչյանը, փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի խորհրդականը, Անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավար Անահիտ Շիրինյանը:
2024-ի մայիսի 28-ին Փաշինյանը հայատարարել էր, որ ՀՀ-ն պետության հարատևության ապահովմանն ուղղված մտածողության նոր բանաձևերի անհրաժեշտություն ունի։
Փետրվարին Փաշինյանն ԱՄՆ-ի հայ համայնքի հետ հանդիպմանը նշել էր, որ Հայաստանում կառավարող թիմի և հասարակության շրջանում տեղի է ունենում գաղափարախոսական տրանսֆորմացիա, որը հիմնված է այն բանի վրա, որ ՀՀ-ն դիտարկում է բարձրագույն նպատակ, այլ ոչ թե միջոց՝ այլ նպատակների հասնելու համար։ Փետրվարի 19-ին նա հայտնել է, որ ժամը 19:00-ին գաղափարախոսական ուղերձով դիմելու է ժողովրդին։